Բնակարանային ապահովման ուղղությամբ նախատեսված շուրջ 4 միլիարդ դրամի շրջանակում մոտ 2 միլիարդ դրամի աջակցություն կտրամադրվի 2020-ի պատերազմից հետո ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված 4030 ընտանիքի՝ բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու:
Այս մասին Ազգային ժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2024-ի պետբյուջեի քննարկման ժամանակ ասել է նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Նշեմ, որ արդեն իսկ հավաստագիր ենք տրամադրել շուրջ 3 700 հայրենակցի, որոնցից ավելի քան 1700 հավաստագիրն արդեն իսկ իրացվել է»,- ասել է նա:
Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ կիրականացվի նաև ՀՀ-ի սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնական տուն կառուցելու պետական աջակցության ծրագիրը:
«Այս նպատակով գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված, հիփոթեքային վարկ ստացած 540 շահառուներին նախատեսվում ենք աջակցություն շուրջ 467.5 մլն դրամի շրջանակում: Այս պահի դրությամբ արդեն հաստատված 200 դիմում ունենք, այսինքն՝ ՀՀ-ի շուրջ 80 սահմանային բնակավայրերում այժմ նոր, 200 բնակարաններ են կառուցվում, և մենք պետք է այս ծրագրի լավարկման ուղղությամբ քայլեր անենք 2024 թվականին»,- ասել է նախարարը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում