2018-ից ի վեր 170 000-ից ավելի աշխատատեղ ենք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում: Դա աշխատատեղերի աճ է ավելի քան 30 տոկոսով: Այս մասին ԱԺ-ում 2024-ի պետբյուջեի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա արձանագրել է նաև, որ 2021-ի համեմատ աղքատությունը կրճատվել է՝ 26.5 տոկոսից դառնալով 24.8 տոկոս: Ծայրահեղ աղքատությունը 1.5 տոկոսից դարձել է 1.2 տոկոս:
«Բայց էլի եմ ասում՝ մենք չենք կարծում, որ գոյացող միլիարդները պետք է բաժանենք ժողովրդին, որ նրանք աղքատությունը հաղթահարեն: Ո՛չ, մենք պետք է աշխատելու հնարավորություն ստեղծենք: Յուրաքանչյուրը պիտի իմանա, որ աղքատությունը հաղթահարելու ճանապարհը միայն ու միայն աշխատանքն է, որովհետև մարդուն կարելի է մի օր հաց տալ, երկու օր հաց տալ, երեք օր հաց տալ, մի շաբաթ հաց տալ, մեկ ամիս հաց տալ, մեկ տարի հաց տալ, հինգ տարի կարելի է հաց տալ, բայց մարդուն պատրաստել նրան, որ դու չես աշխատելու, և կառավարությունը կամ հանրությունը քեզ ամբողջ կյանքը կերակրելու է՝ դա մարդու նկատմամբ ամենամեծ նվաստացումն ու վիրավորումն է:
Ավելի մեծ վիրավորանք մարդու նկատմամբ չի կարելի ուղղակի պատկերացնել: Եվ սա մեր քաղաքացու նկատմամբ մեր հարգանքի արտահայտությունն է: Աղքատությունը հաղթահարում են աշխատանքի միջոցով: Այսօր հազարավոր մարդիկ օտար երկրներից գալիս են Հայաստանի Հանրապետությունում աշխատելու: Ընդ որում՝ ասեմ, խոսքն աշխատունակ մարդկանց մասին է, որովհետև ոչ աշխատունակ մարդկանց նկատմամբ վարվող քաղաքականությունը բոլորովին ուրիշ խնդիր է: Ես ընդգծում եմ՝ աշխատունակ, որովհետև վերջին շրջանում շատ է քննարկվում նաև, ես չեմ ուզում հաշմանդամությունը և աշխատունակությունը խառնենք իրար հետ, որովհետև դրանք տարբեր բաներ են»,– ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում