Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվում են կատաղի մարտերը Գազայի հատվածում։ Իսրայելը կարողացել է էական նվաճումներ արձանագրել, ցավոք, հազարավոր երեխաների մահվան գնով։ Հրեաները պնդում են, որ ՀԱՄԱՍ-ը պաշտպանվում է՝ անմեղ պաղեստինցիներին որպես վահան օգտագործելով։ Իսրայելի կառավարությունը պնդում է, որ պետք է ամբողջովին փոխել իրավիճակը Մերձավոր Արևելքում, և դա պետք է սկսել ՀԱՄԱՍ-ի կատարյալ ոչնչացմամբ։
Իսրայելի Բանկը ցածր տնտեսական աճի կանխատեսում է արել. Еuronews
Տարածաշրջանում պահպանվում է ավելի լայնամասշտաբ պատերազմի վտանգը, որը կարող է տեղի ունենալ բազմաթիվ երկրների ներգրավմամբ։ Պատերազմի այս թեժ շրջանում, իսրայելցի 300 տնտեսագետներ համատեղ դիմել են Իսրայելի վարչապետին և ֆինանսների նախարարին՝ կոչ անելով մտածել նաև երկրի տնտեսության մասին։ Այս կոչերին ի պատասխան՝ Իսրայելի վարչապետը նշել է, որ Իսրայելը կվճարի ցանկացած գին ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում հաղթանակելու համար։ Երկրի ղեկավարի այս հայտարարություններնն էլ ավելի են մտահոգել տնտեսագետներին.
Պատերազմից հետո նկատվում է Իսրայելի ազգային արժույթի արժեզրկում։ Այս իրավիճակի հետ կապված Իսրայելի կենտրոնական բանկն արդեն հատկացրել է $30 մլրդ։ Իսրայելը հսկայական միջոցներ է ուղղում պատերազմը ֆինանսավորելու համար։ Դրա արդյունքում նկատվում է բյուջեի դեֆիցիտի խորացում և արտաքին պարտքի աճ: Սա նույնիսկ այն պարագայում, երբ ԱՄՆ-ն կարող է հատկացնել Իսրայելին $14 մլրդ և դրան գումարած $3,8 մլրդ-ի տարեկան օգնություն։
Տնտեսությունում նկատվում է ներդրումային միջավայրի վատթարացում։ Fitch Ratings, Moody’s Investors Service և S&P-ն արդեն իսկ հայտարարել են, որ պատերազմի ժամկետների ընդլայնման պարագայում հնարավոր է իջեցվեն Իսրայելի սուվերեն վարկանիշները։
Նկատվում է անկում Իսրայելի ֆոնդային բորսայում։ Իսրայելի ինովացիոն ոլորտը շարունակում է անցնել տարբեր ցնցումների միջով։ Դեռևս վերականգնված չլինելով նախկին ցնցումներից՝ հիմա էլ պատերազմական իրավիճակն է խանգարում նորարարական ընկերությունների աշխատանքին։ Նորարարությունների ոլորտը հանդիսանում է Իսրայելի տնտեսության ողնաշարը, և այս բացասական միտումների արմատավորումը չափազանց կործանարար է լինելու տնտեսության համար։
Իսրայելի կենտրոնական բանկը նվազեցրել է տնտեսության աճի տեմպերը․ 2023թ-ի համար 3%-ից իջեցրել է 2,5%-ի։ Որոշ տնտեսագետներ պնդում են, որ պատերազմի ընդլայնման պարագայում Իսրայելի տնտեսությունում գրանցվելու է 11% անկում։
Իսրայելում խաթարվել է հանքերի նորմալ գործունեությունը։ Մասնավորապես, Chevron-ը որոշել է դադարեցնել աշխատանքները Իսրայելի գազի հանքերում՝ վախենալով հեռահար հրթիռների հնարավոր արձակումից։ Այս ամենով հանդերձ՝ մի խումբ տնտեսագետներ էլ պնդում են, որ Իսրայելը, բազմաթիվ պատերազմական իրավիճակների միջով անցնելով, ձեռք է բերել բավարար դիմադրողականություն և այս անգամ էլ հնարավոր կլինի նվազագույն կորուստներ արձանագրել, իսկ հնարավոր հաղթանակի պարագայում Իսրայելին սպասում է աննկարագրելի զարգացում։
- Ամփոփոելով, նշենք, որ Իսրայելն առաջին հերթին միջուկային, բարձր զարգացած, դինամիկ և նոր տեխնոլոգիաների վրա հենված տնտեսությամբ երկիր է։ Հետևաբար, քիչ հավանական է Իսրայելի պարտությունը ռազմի դաշտում։
Մյուս կողմից լավ օրինակ է Հայաստանը։ Վերջինս 2020թ-ից մինչև հիմա գտնվում է թուրք-ադրբեջանական գրոհների ներքո։ Ցավոք, կորցրեցինք հայրենի Արցախը, արցախահայերնը ենթարկվեցին էթնիկ զտման, իսկ թշնամին դեռ շարունակում է մնալ ՀՀ սուվերեն տարածքում։ Այս պայմաններով հանդերձ Հայաստանի տնտեսությունը «վարդագույն ակնոցներ հագած» շարունակում է աճեր արձանագրել։ Նույնիսկ դեսպանատներ ենք բացում, շռայլ պարգևավճարներ ենք բաժանում, և հպարտանում, որ հայտարարում ենք «բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունենք»։
Այս ամենից հետո, բնականաբար, իսրայելցների մտահոգություններն անհիմն են, եթե Հայաստանի տնտեսությունը ցույց է տալիս նման դիմադրողականություն, ապա Իսրայելի դիմադրողականությունը հաստատ մի քանի անգամ ավելին լինի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում