Արցախից բռնի տեղահանված վարորդները կարող են ԱՊՊԱ պայմանագիր կնքել 50% ցածր վճարով

1 Min Read

Արցախից Հայաստան մուտք գործած մեքենաների ապահովագրության համար մինչեւ հունվարի 1-ն առցանց եղանակով ԱՊՊԱ պայմանագրերի կնքման դեպքում կգանձվի գումարի 50%-ը:

Հայաստանի կենտրոնական բանկը գրանցել է Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 15-ին։

ԿԲ-ից հայտնել են, որ կանոններում լրացումներ են կատարվել՝ հաշվի առնելով Արցախի բնակչության բռնի տեղահանման հետեւանքով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենաների էական ներհոսքը Հայաստան եւ ստեղծված սոցիալական իրավիճակի պայմաններում պարտադիր ապահովագրման պահանջի իրականացմանն աջակցելու՝ ապահովագրական ընկերությունների պատրաստակամությունը:

Մասնավորապես, սահմանվել է հետեւյալը.

Արցախից Հայաստան մուտք եղած ավտոտրանսպորտային միջոցների գծով մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը առցանց էլեկտրոնային եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարների հաշվարկում պետք է հիմք ընդունվի 50%-ի չափով ավելի ցածր հիմնական ապահովագրավճար, եթե այդ ավտոտրանսպորտային միջոցը միաժամանակ բավարարում է հետեւյալ պայմաններին.

1) ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին հաշվառված է Արցախում,
2)  մինչեւ 2020 թվականի արտադրության է,
3)  չի հանդիսանում պետական կամ համայնքային սեփականություն,
4)  սեփականության իրավունքն ապահովադրի անվամբ գրանցվել է մինչեւ 2023 թվականի օգոստոսի 1-ը։

Վերոհիշյալ պայմաններից օգտվելու համար համապատասխան ապահովադիրներից չի պահանջվում որեւէ լրացուցիչ գործընթացների իրականացում կամ փաստաթղթերի ներկայացում. անհրաժեշտ է անցնել ԱՊՊԱ պայմանագրի առցանց կնքման նախատեսված ընդհանուր քայլերով եւ պայմանագրի կնքման համար վճարել գումար, որն թլ հանդիսանում է ապահովագրավճարի 50%-ը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով