Ապագա, որտեղ «աշխատանքի կարիք չի լինի». Մասկը խոսել է արհեստական բանականության ընդլայնման մասին

2 Min Read

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի բարձր հովանու ներքո Լոնդոնում ընթացավ արհեստական բանականության անվտանգության հարցերին նվիրված գագաթնաժողով, տեղեկացնում է CNN-ը:

Հետաքրքիրն այն է, որ գագաթնաժողովը հիմնականում ընթանում էր Բլեթչլի պարկում,  որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղակայված է եղել Մեծ Բրիտանիայի կոդավորման գլխավոր ստորաբաժանումը՝ Կոդերի և ծածկագրերի կառավարական դպրոցը։ Վերջինս  հետագայում ստացել է Կառավարական կապի կենտրոն անվանումը։


Microsoft-ը շոշափելի ներդրումներ կկատարի Ավստրալիայում


Գագաթնաժողովի ընթացքում 25 երկրները  և Եվրամիությունը ստորագրեցին Բլեթչլիի հռչակագիրը՝ համաձայնելով միասին աշխատել ապահովելու համար արհեստական բանականության /AI/ տեխնոլոգիաների անվտանգությունը՝ ընդգծելով AI-ի լուրջ, նույնիսկ աղետալի վնասների ներուժը, որի վերաբերյալ շատ տեխնոլոգիական առաջնորդներ մտահոգություն են հայտնել:

Գագաթնաժողովի հյուրերի շարքում էին ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը և քաղաքական ու տեխնոլոգիական հանրահայտ գործիչներ։ Գագաթնաժողովի վարկանիշն իր ներկայությամբ է՛լ ավելի է բարձրացրել Իլոն Մասկը, որը երկու օր հետևում էր տեղի ունեցող իրադարձություններին։ Սա ևս մեկ անգամ ցույց տվեց Մասկի աճող ազդեցությունն աշխարհաքաղաքական հարցերում, ինչպես նաև տարբեր տեխնոլոգիական և արդյունաբերական ոլորտներում:

Իլոն Մասկը գոհունակությունն է հայտնել անցկացվող գագաթնաժողովի հետ կապված՝ նշելով ուրախ է տեսնել՝ մարդիկ սկսել են լուրջ վերաբերվել արհեստական բանականությանը։ Մասկի կարծիքով՝ AI-ը հիմնականում ծառայելու է բարի ուժերին, սակայն չի բացառվում դրա օգտագործումը ոչ բարի նպատակներով։

Ռիշի Սունակը և Մասկը բաց քննարկում են անցկացրել այն մասին, թե արհեստական բանականությունն ինչպես կարող է ազդել հասարակության վրա։ Իլոն Մասկն այն կարծիքին է, որ արհեստական բանականությունն ի զորու է ստեղծել առատության հասարակարգ, որտեղ չի լինի ապրանքների և ծառայությունների սահմանափակ քանակություն։

Իլոն Մասկի կարծիքով՝ արհեստական բանականությունը մեզ տանելու է մի ապագա, որտեղ աշխատելու կարիք չի լինի, իսկ մարդիկ կունենան բարձր եկամուտներ։ Վերջին տեղեկատվության համաձայն՝ հաջորդ գագաթնաժողովը կարող է անցկացվել արդեն 2024թ․-ին՝ Հրվ․ Կորեայում և Ֆրանսիայում։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով