Դպրոցաշինությունը 2024 թ. պետական բյուջեում ամենակարևոր տեղն է ունենալու։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով ՀՀ 2024 թ. պետական բյուջեի մասին նախագիծը։
2024 թ. պետբյուջեում կրթության ոլորտի ծախսերը կկազմեն 259 մլրդ դրամ, որը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 2.8 տոկոս։ Ըստ նախարարի` այս գումարը 39 տոկոսով շատ է 2023 թվականի ցուցանիշից։
«Բանն այն է, որ ՀՀ կառավարությունը մեծ թափով սկսում է դպրոցաշինության աշխատանքները, որոնց մի մասը սկսվել էր դեռ 2022 թ.։ Պետք է ասեմ, որ նման ծավալի դպրոցաշինության ծրագիր դեռ չենք ունեցել։ Հույս ունենք բարելավել կրթության ոլորտին ուղղվող ծախսերը, քանի որ, ինչպես գիտեք, զարգացած երկրներում կրթությանն ուղղվում է ՀՆԱ–ի մոտ 4 տոկոսը»,– ընդգծել է նա։
Ըստ նրա` այն ծրագրերը, որոնք ՀՀ կառավարությունն ունի երկարաժամկետ հատվածում գիտելիքահեն բարձր արատադրողականությամբ տնտեսություն ունենալու համար, իրականություն կդառնան, եթե ոլորտին ուղղվելիք ծախսերն ավելի մեծացնեն։