ՀՀ պետբյուջեում 30 մլրդ դրամ կավելացվի բռնի տեղահանվածների թոշակների համար

2 Min Read
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թոշակների ու նպաստների վճարման համար լրացուցիչ 30 մլրդ դրամ կավելացվի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի 2–րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում  ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով ՀՀ 2024 թ. պետական բյուջեի մասին նախագիծը։
Նախարարը նշել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ծախսերը ներառված չեն 2024 թ. պետական բյուջեի նախագծում, քանի որ ՀՀ կառավարությունը բյուջեն հաստատել էր սեպտեմբերի վերջերին` մինչ տեղահանությունը։
«Այդ օրերին մենք ժամանակ չունեինք, որ նոր ծրագրեր նախագծեինք, քանի որ հստակ պատկեր չկար մարդկանց քանակի և իրավիճակի վերաբերյալ։ Այդ պատճառով մենք որոշեցինք, որ բյուջեի 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ կներկայացնենք այդ հավելյալ ծախսերը։ Որպես նախնական տեղեկություն ասեմ, որ 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ թոշակների ու նպաստների ծախսերը կներառենք, որը մեր կենսաթոշակային ծախսերը կավելացնի մոտ 30 մլրդ դրամով»,– նշել է նախարարը։
Նա նաև տեղեկացրել է, որ վաղը ՀՀ կառավարությունում կհաստատեն «ՀՀ կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները, որը ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորություն կտա ԼՂ-ից տեղահանվածների թոշակները վճարել այն չափով, որքան իրենք ստացել են ԼՂ-ում։
Բացի այդ, ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թ. իրականացնել նաև աշխատունակ տարիքի մարդկանց համար վերապատրաստումների և աշխատանքի տեղավորման ծրագրեր, ինչպես նաև բնակարանային ապահովության ծրագրեր։
Հովհաննիսյանը վստահեցրել է` եթե չհասցնեն մինչև բյուջեի ընդունումն իրականացնել նախատեսված ծրագրերը, ապա այդ գումարները կնախատեսեն պահուստային ֆոնդից, որտեղից էլ տարվա ընթացքում հատկացումներ կլինեն։

Կիսվեք այս հոդվածով