Siemens-ը և Ericsson-ը նախազգուշացնում են, որ ԵՄ կիբերանվտանգության կանոնները կարող են խաթարել մատակարարման շղթաները, գրում է Reuters-ը:
Siemens-ը , Ericsson-ը և Schneider Electric-ը, ինչպես նաև DigitalEurope ոլորտային խումբը զգուշացնում են, որ ԵՄ-ի առաջարկած օրենքները, որոնք ուղղված են խելացի սարքերի կիբերանվտանգության ռիսկերին, կարող են խաթարել մատակարարման շղթաներն այնպիսի մասշտաբներով, ինչպիսին եղել են համաճարակի ժամանակ: Անցյալ տարի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված կիբերանվտանգության մասին օրենքը արտադրողներից պահանջում է գնահատել իրենց արտադրանքի կիբերանվտանգության ռիսկերը և միջոցներ ձեռնարկել հինգ տարվա ընթացքում կամ արտադրանքի սպասվող կյանքի ընթացքում խնդիրները լուծելու համար: Առաջարկվող կանոնները կկիրառվեն նաև համացանցին միացված սարքերի ներմուծողների և մեծածախ գնորդների նկատմամբ:
Կիբերանվտանգության հետ կապված մտահոգությունները կտրուկ աճել են մի շարք աղմկահարույց միջադեպերից հետո, երբ հաքերները մեծ վնասներ էին հասցնում բիզնեսներին, ապա պահանջում հսկայական փրկագին:
Բարձր տեխնոլոգիական ընկերությունները հայտարարել են, որ խափանումները կարող են ազդել միլիոնավոր ապրանքների վրա՝ սկսած լվացքի մեքենաներից մինչև խաղալիքներ, ջերմային պոմպեր, սառնարանային մեքենաներ, բարձր տեխնոլոգիական արտադրության կենսական բաղադրիչներ:
Ընկերությունները նշել են, որ ավելի բարձր ռիսկային ապրանքների ցանկը, որոնց մասով գործելու է վերոնշյալ օրենքը, պետք է զգալիորեն կրճատվեն, և որ արտադրողներին պետք է թույլ տալ լուծել խոցելիության հայտնի ռիսկերը, այլ ոչ թե կատարել նախնական գնահատում:
Էլեկտրոնիկա արտադրող ընկերությունները նաև ցանկանում են ավելի մեծ ճկունություն՝ կիբերանվտանգության ռիսկերը ինքնուրույն գնահատելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում