Մեր նախորդ հոդվածում անդրադարձանք 2023թ-ի սեպտեմբերին ՀՀ տնտեսությունում ստեղծված իրավիճակին։ Նշեցինք, որ աճեր կան մի շարք առանցքային մակրոտնտեսական ցուցանիշների դեպքում, սակայն մտահոգիչ է, որ արդեն ամիսներ շարունակ անկում ենք տեսնում արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալներում․
ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված տվյալները փաստում են, որ 2023թ-ի հունիս ամսից սկսած արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ շարունակ նվազել են։ Այսպես, 2023թ-ի հունիսին՝ 7,4%-ով, հուլիսին՝ 2,4%-ով, օգոստոսին՝ 3,7%-ով, և սեպտեմբերին՝ 4,3%-ով։
Անկում դիտվել է նաև 2023թ-ի ապրիլին 2022թ-ի ապրիլի համեմատ 0,8%-ով։ Բավականին տատանողական դինամիկա են ցուցաբերել արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների փոփոխությունները 2023թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին համապատասխան նախորդ ամիսների համեմատ։ 2023թ․-ի հունվարին արդյունաբերության ծավալները դեկտեմբերի համեմատ նվազել են շուրջ 42%-ով։ Այնուհետև աճ է նկատվել, սակայն արդեն 2023թ-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալները նվազել են 1,5%-ով։ Արդյունքում, 2023թ-ի սեպտեմբերին արդյունաբերության համախառռն արտադրանքի ծավալները հաստատվել են 227,627 մլն դրամ մակարդակում։ Հատկանշական է նաև այն, որ սեպտեմբերը 2023թ-ի միակ ամիսն է, որի դեպքում արդյունաբերությունը անկում է ապրել թե՛ նախորդ տարվա սեպտեմբերի, թե՛ նախորդ ամսվա համեմատ։
Ամենավտանգավորն այն է, որ անկումներ դիտվել են միայն մշակող արդյունաբերությունում։ Վերջինումս արտադրության ծավալները 2023թ-ի սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ նվազել են շուրջ 8%-ով՝ կազմելով 159,553 մլն դրամ։
Ուսումնասիրենք մշակող արդյունաբերության այն ոլորտները, որտեղ 2023թ-ի սեպտեմբերին արձանագրվել են ամենախոր անկումները․
2023թ-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենախոր անկումներն արձանագրած ոլորտներն են եղել թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն և հիմնային մետաղների արդյունաբերությունը։ Նշված ոլորտների համախառն արտադրանքի ծավալների անկումները կազմել են համապատասխանաբար 41,6%, 38,4% և 34,3%։
Ամենածանր իրավիճակը համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրության ոլորտում է, որտեղ շոշափելի անկում է արձանագրվել նաև նախորդ ամսվա նկատմամբ: Այսպես, 2023թ-ի սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրության ոլորտի համախառն արտադրանքի ծավալները նվազել են մոտ 19%-ով։
Փաստորեն, իրոք, ինչպես պնդում էր Հակոբ Արշակյանը, Հայաստանը բարձր տեխնոլոգիական ոլորտում «մրցակիցներ չունի»։
Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի․ Հակոբ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Պետք է կատարվի ոլորտի բազմակողմանի ուսումնասիրություն, հասկանալ տնտեսվարողների վարքագիծն ու փորձել շուտափույթ հանգուցալուծել առաջացած խնդիրները։
Հատկապես ներկայիս բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների շարունակական անկումը կարող է էապես ազդել տնտեսության վրա: