Օրենսդրական և տեխնիկական աշխատանքներ են կատարվում, որպեսզի կարողանանք հնարավորություն ստեղծել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների իրավունքի իրացման համար: Այս մասին հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
Ըստ նախարարի՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածները ՀՀ-ում ևս կունենան կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունք, եթե կբավարարեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պայմաններին:
«ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից անկախ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք կբերեն, և քանի որ որոշակի բյուրակրատական պրոցեսներ դա կարող էր ենթադրել, մենք այդ պրոցեսները շրջանցելու համար օրենսդրության մեջ տարբեր փոփոխություններ ենք նախաձեռնել, և օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելուց, քննարկել, հաստատելուց հետո կկարողանանք բոլոր այն հայրենակիցներին, որոնք ԼՂ-ում ունեցել են կենսաթոշակի իրավունք, շարունակենք տրամադրել իրենց կենսաթոշակները և նպաստները»,- ասել է նախարարը:
Նա տեղեկացրել է, որ բոլոր այն անձինք, որոնց կենսաթոշակային տարիքը լրացել է ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածում, նրանք ևս պետք է դիմեն կենսաթոշակի իրավունք ստանալու համար:
«Կենսաթոշակի իրավունք ստանալու համար կարևոր է, որ մեր հայրենակիցները դիմեն սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներ: ՀՀ-ում գործում են Միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոններ, և որ դրանց հասցեները հրապարակված են»,- ասել է նա:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ եթե ԼՂ-ի բռնի տեղահանվածի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք տվող տարիքը լրացել է մինչև հոտեմբերի 28-ը, ապա նրանց կենսաթոշակ կվճարվի հոկտեմբերի 28-ից սկսած:
«Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեով վայրի հաշվառված լինելը: Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները մինչև Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ ներկայանալը և դիմում ներկայացնելը պետք է անպայման հաշվառված լինեն այն վայրի հասցեով, որտեղ տվյալ պահին բնակվում են, որից հետո մենք կկարողանանք մշակել իրենց տվյալները և կենսաթոշակի կամ նպաստի իրավունք տալ»,- ասել է նա:
Մկրտչյանը նաև հայտնել է որ այսօրվանից մեկնարկում է «40 000+10 000» դրամ սոցաջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունման գործընթացը, որոնք նախատեսված են նոյեմբեր և հաջորդ ամիսների համար:
Ըստ նախարարի՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից վճարման է ուղարկվել 92 525 անձի, որից 5 358-ը՝ 10 000 դրամ, իսկ 87 167-ը՝ 10 000+40 000-ական դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում