Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2024-ին 101 մլրդ դրամով ավելի կհատկացվի. ֆինանսների նախարար

1 Min Read

Սոցիալական ոլորտին բաժին է ընկնում ծախսերի ամենամեծ բաժինը. դա կազմում է ծախսերի 25 տոկոսը և ՀՆԱ-ի՝ 7.2 տոկոսը: Այա մասին ԱԺ-ում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  2024 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Այս նախարարության բյուջեն 2024-ի նախագծով կազմում է 755 միլիարդ 290 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա հաստատվածի նկատմամբ ավելի է 101 միլիարդ դրամով: Այսինքն՝ մենք այս ուղղությամբ իրականացրել ենք ամենամեծ ավելացումները մյուս բոլոր նախարարությունների համեմատությամբ»,- ասել է նախարարը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախագծում փոփոխություններ կառաջարկվեն, որում կարտացոլվեն նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասով 2024 թվականին իրականացվելիք սոցիալական ծրագրերը, որոնք այս պահին դեռ ներկայացված չեն:

«Մենք 10 միլիարդ դրամ ենք ուղղակի տեղ պահելու համար դրել, բայց առաջիկայում, երբ ծրագրերն ամբողջությամբ մշակված կլինեն, մենք արդեն թոշակների և նպաստների գծով հավելյալ բաշխված առաջարկ կանենք, և կարծում ենք, որ այս 101 միլիարդ ավելացումը չի արտացոլում այն իրական պատկերը, որ ունենալու ենք մյուս տարի»,- ասել էն:

Կիսվեք այս հոդվածով