2024 թվականին առողջապահական 3 նոր կենտրոնի շինարարություն կսկսվի. Ավանեսյան

1 Min Read

Հայաստանում 2024 թվականին առողջապահական 3 նոր կենտրոնի շինարարություն կմեկնարկի։ Այս մասին ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«2024 թվականին մենք շարունակելու ենք կապիտալ ծախսերի ընթացքը, և հաջորդ տարի 11.8 մլրդ դրամի հատկացում ունենք։ 2018 թվականի հետ համեմատելով ասեմ, որ այդ ժամանակ կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 1.3 մլրդ դրամ։ Նշեմ, որ մինչև 2026 թվականը մենք պետք է վերակառուցենք, կառուցենք և վերազինենք առնվազն 50 առողջապահական կազմակերպություն»,– ասել է Ավանեսյանը։
Նա ընդգծել է, որ 2023 թվականին ավարտին է հասցվել «Մարտունու ԲԿ»-ի շինարարությունը, առաջիկայում կավարտվի նաև «Վայոց Ձորի ԲԿ»–ի շինարարությունը։
Նախարարը նշել է, որ հաջորդ տարի մեկնարկելու են մի շարք առողջապահական հաստատությունների շինարարություններ։ Դրանք են` «Հոգեկան առողջության ազգային կենտրոնը», «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը», ինչպես նաև «Սիսիանի բժշկական կենտրոնը»։ Դրանց շինարարությունը կավարտվի 2025 թվականին։
Կիսվեք այս հոդվածով