Երևանի մետրոպոլիտենի 10 վագոն կանգնած է. Սեդրակյան

1 Min Read

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է, որ կառավարության կողմից ֆինանսավորման հաստատումը եղել է, սակայն իրենք դեռևս լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունեն:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է, թե արդյոք կան կանգնած վագոններ, որոնց գիծ դուրս բերելու դեպքում Մետրոպոլիտենի աշխատանքի ծանրաբեռնվածությունը կթեթևանա:

«Ունենք կանգնած վագոններ, սպասում ենք` անվազույգերը որ գան, կան վագոններ, որ գիծ պետք է դուրս գան: Ֆինանսավորումը հաստատվեց, բայց մենք էլի հրատապ ծախսեր ունենք: 620 մլն-ով 32 անվազույգ և 4 կմ ռելս ենք ձեռք բերում»,– ասել է Սեդրակյանը:

Ավինյանը հարցրել է նաև, թե այս ֆինանսավորման շնորհիվ քանի չաշխատող վագոն է սկսում աշխատել և քանիսն է կանգնած: Սեդրակյանն էլ պատասխանել է, որ կանգնած է մոտ 10 վագոն. ֆինանսավորմամբ կսկսի աշխատել 3-ը:

«3 ամսվա մեջ եթե մատակարարումը լինի, շատ արագ կանենք, մեզ պետք է լինելու 15-20 օր, որ վերականգնենք: Մրցույթներ ունենք, հաղթողներ կան` պահեստամասեր են պետք վագոնների, մենակ անվազույգերով հարց չի լուծվում, մոտ 200 մլն դրամի պահեստամասեր պետք է մատակարարվեն, մրցույթը կայացել է հունիս ամսին, էլի Կառավարություն ներկայացրել ենք` 300 քանի միլիոն է պետք և ունենք շարժասանդուղքների հետ կապված 520-530 մլն-ի կարիք»,- ասել է Սեդրակյանը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով