Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լավատեսություն է հայտնում, որ մոտ ապագայում դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը բացելու առումով գուցե լավ նորություն լինի:
Միրզոյանն այս մասին ասել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում:
«Մեզ համար շատ կարևոր է նաև Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա կարգավորման գործընթացը»,-ասել է նա:
Արտգործնախարարը հիշեցրել է, որ վերջերս Թեհրանում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարին, նախկինում հանդիպել է նաև նախկին նախարարին: Կան նաև երկու երկրների ղեկավարների կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչներ:
«Եվ կա խոսակցություն՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին»,-նշել է նախարարը:
Անդրադառնալով պայմանավորվածությանը՝ դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա միջպետական ցամաքային սահմանը բացելուն՝ Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ ուզում է լավատեսություն հայտնել, որ մոտ ապագայում այստեղ գուցե լավ նորություններ ունենանք:
Նա վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգիռ է իր 4 հարևանների հետ առնվազն կարգավորված հարաբերություններ ունենալու հարցում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում