Երևանը թերֆինանսավորվել է․ սա բերել է ենթակառուցվածքների քայքայման․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Երևան քաղաքի բյուջեում որոշակի էական վերանայումներ են տեղի ունեցել: Այս մասին Երևանի քաղաքապետարանի՝ 2024 թվականի բյուջետային հատկացումը ԱԺ-ում ներկայացնելիս ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝ Երևան քաղաքը նախատեսում է սեփական եկամուտներն էականորեն բարձրացնել 2024-ին: Այս տարի հավաքված 38 միլիարդ 799 միլիոն դրամի փոխարեն կանխատեսում են, որ պետք է հավաքեն 45 միլիարդ 259 միլիոն դրամ: 

«Այստեղ ներառված են նաև նախկինում մեր իրականացրած գույքահարկի հետ կապված վերանայումները, և այստեղ ներառված են ճարտարապետահատակագծային փաստաթղթերի՝ ավագանու նոր որոշումներով կայացված տուրքերը: Եվ այստեղ ուզում եմ ընդգծել, որ մենք մոտավորապես 17 տոկոս աճ ունենք»,- ասել է Ավինյանը:

Քաղաքապետն ընդգծել է, որ Երևան քաղաքի դոտացիան մոտ 5 միլիարդ դրամով նվազեցվում է՝ 13 միլիարդ 430 միլիոնից դառնալով 8 միլիարդ 436 միլիոն:

Էականորեն կնվազեցվեն նաև սուբվենցիաները: Երևանն այս տարի մոտավորապես իրականացնում է 10 միլիարդ դրամի կապիտալ ներդրումային ծրագրեր, որոնք առաջարկվում է բյուջեի տվյալ նախագծում չներառել:

Ավինյանը դոտացիայի տրամաբանության հետ որևէ խնդիր չի տեսնում, դրանք միանշանակ պետք է տրամադրվեն այն համայնքներին, որոնք Երևանի կենտրոնից հեռու են:

«Բայց եթե միայն դոտացիայով շարժվենք, կստացվի, որ Երևան քաղաքը, ունենալով ՀՀ-ի տնտեսական պոտենցիալի 50-60 տոկոսը՝ բնակչության 40 տոկոսից ավելին, ստանում է ընդհանուր առմամբ դոտացիաների 10 տոկոսը»,– ասել է նա:

Ավինյանը նաև հիշեցրել է, որ նախորդ տարիներին Երևանին տրամադրվել են սուբվենցիաներ, որոնք ուղղվել են մայրաքաղաքի էլեկտրատրանսպորտի սուբսիդավորմանը, ընթացիկ նորոգման, ասֆալտի ճաքալցման աշխատանքներին: Կրճատվել են նաև լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների համար հատկացվող գումարը, Կենդանաբանական այգու ֆինանսավորումը, թանգարանային ծառայությունների, թատերական ներկայացումների սուբվենցիաները, նաև ճանապարհների գծանշումների մասով որոշակի կրճատումներ են եղել:

2024 թվականի հատկացվելիք բյուջեն համեմատելով 2023 թվականի բյուջեի հետ՝ Ավինյանը եզրակացրել է, որ եթե ֆունդամենտալ լուծում այս հատվածում չգտնեն, ապա որոշակի ճգնաժամային կառավարման մոդելի պետք է անցնեն, որովհետև խոսքը փոքր գումարի մասին չէ:

Ավինյանն առաջարկել է Երևանի բյուջեն ձևավորել նաև մայրաքաղաքի տարածքում գանձվող եկամտահարկից, շահութահարկից և բնապահպանական վճարներից մասհանումներից, որոնցից մասհանումները նախկինում զրո են եղել:

Կիսվեք այս հոդվածով