ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին շարունակվել են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ 2024 թվականին շրջակա միջավայրի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 8 մլրդ 792 մլն դրամ, որի 13 տոկոսը հատկացվելու է կապիտալ, իսկ 87 տոկոսը՝ ընթացիկ ծախսերին: Նախարարության բյուջեն այս տարվա համեմատ աճել է 2 տոկոսով: Նախարարությունն իրականացնելու է 5 ծրագիր և 20 միջոցառում:
Գյուղատնտեսության ոլորտին նախատեսվում է հատկացնել 45 մլրդ դրամ, որն ավելացել է 7 մլրդ 220 մլն դրամով: Այս ոլորտում իրականացվելու է 5 ծրագիր և 36 միջոցառում, որոնցից 4-ը՝ նոր:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեն գալիք տարում կկազմի 173 մլրդ դրամ, որի 31 տոկոսն ուղղվելու է կապիտալ, իսկ 77 տոկոսը` ընթացիկ ծախսերին: Այստեղ 4 մլրդ դրամով նախորդ տարվա համեմատ նվազում կա: Նախարարությունն իրականացնելու է 13 ծրագիր և 79 միջոցառում:
Մարզպետարաններին հատկացվելու է 6 մլրդ 344 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ մի փոքր նվազել է` կապված հաստիքների կրճատման հետ:
2024 թվականին համայնքներին նախատեսվում է հատկացնել 152 մլրդ դրամ կամ ընդհանուր բյուջետային ծախսերի 5 տոկոսը, ինչը կազմում է ՀՆԱ-ի 1.2 տոկոսը:
Համայնքներին տրվող դոտացիաները կկազմեն շուրջ 85 մլրդ դրամ: Այստեղ բավական մեծ աճ կա, ինչը պայմանավորված է ընդհանուր բյուջեի ծախսային հոդվածների աճով: Սուբվենցիաները կկազմեն 25.3 մլրդ դրամ:
Պատվիրակված լիազորությունների իրականացման համար էլ համայնքներին կհատկացվի 41.4 մլրդ դրամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում