10 ամսվա արդյունքներով հաղորդումների թիվը գերազանցել է 80-ը, հարուցվել է 65 քրեական վարույթ. ՊՎԾ ղեկավար

2 Min Read

ՀՀ պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) 2024 թ. ծախսերի համար պետբյուջեի նախագծով նախատեսվել է «Պետական վերահսկողական ծառայություններ» ծրագիրը, որը ներառում է 2 միջոցառում:

Ծրագրով նախատեսված է 956.4 միլիոն դրամ: 2024-ի բյուջեի նախագիծը 2023 թ. հաստատված բյուջեի նկատմամբ նվազել է շուրջ 478 միլիոն դրամով` 33.3 տոկոսով: Այս մասին ԱԺ-ում պետբյուջեի նախագծի քննարկման շրջանակում ասել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը խնդրել է ներկայացնել ՊՎԾ-ի կատարած աշխատանքի մի քանի ցցուն օրինակ, որպեսզի հանրությունը տեղեկանա՝ ինչի համար է ինքը վճարում, ինչ արդյունք է ստանում այդ ծախսված միջոցների համար:

Համառոտ անդրադառնալով հարցադրումներին՝ Պետրոսյանը նշել է, որ 2022-ին ՊՎԾ-ում իրականացվել է շուրջ 200 մշտադիտարկում և 39 ուսումնասիրություն, որոնց արդյունքներով անցած տարվա կտրվածքով 78 հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա 77 քրեական վարույթ է հարուցվել:

«77-ից 33-ը քննվում են Հակակոռուպցիոն կոմիտեում, 44-ը՝ Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում: Այս տարվա 10 ամսվա արդյունքներով կարող եմ ասել՝ հաղորդումների թիվը գերազանցել է 80-ը, այս պահի դրությամբ 65 քրեական վարույթ է հարուցվել, որից 31-ը քննվում են Հակակոռուպցիոն կոմիտեում, մյուսները՝ ՔԿ-ում: Անցած տարվա 77 քրեական վարույթները վերաբերելի են շուրջ 38.1 միլիարդ պետական միջոցների հետ կապված առերևույթ իրավախախտումներին: Այս տարվա շուրջ 70 քրեական վարույթները վերաբերելի են գրեթե 90 միլիարդ դրամ պետական միջոցների»,– պարզաբանել է Պետրոսյանը:


«Հայփոստը ֆինանսական վնասով է աշխատել, բայց պաշտոնատար անձինք ուռճացված աշխատավարձեր ու պարգեւավճարներ են ստացել»․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Նրա խոսքով՝ անցած տարվա գործունեության արդյունքներով՝ ՊՎԾ-ի լիազորությունների իրականացման արդյունքում տարբեր պետական կառավարման մարմինների, պետական հիմնարկների 50+1 մասնաբաժին ունեցող պետական փակ բաժնետիրական ընկերություններում տեղի է ունեցել փաստացի շուրջ 550 միլիոն դրամի վերականգնում միայն ՊՎԾ գործառույթների արդյունքներով:

«Իսկ այս տարվա 10 ամիսների արդյունքներով վերականգնված թիվն արդեն մոտենում է մեկ միլիարդ դրամին՝ 972 միլիոնի: Մշակել ենք նաև հանրային գնումների ռիսկայնությունը գնահատող համակարգ, որը կյանքի է կոչվել սեպտեմբերի 1-ից»,– հայտնել է ՊՎԾ ղեկավարը:

Կիսվեք այս հոդվածով