Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե իբր Արցախի կառավարության գանձապետական հաշիվներից «Արցախբանկ»-ը պարտքի դիմաց գումար է առգրավել, իրականությանը չի համապատասխանում։ Նման հայտարարություն է տարածել Արցախի ֆինանսների նախարարությունը։
«Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետության կառավարության գանձապետական հաշիվներում եղած 3,1 միլիարդ դրամը սեպտեմբեր ամսվա աշխատավարձային ֆոնդի (3,6 միլիարդ դրամ) համամասնությամբ ամբողջությամբ ուղղվել է աշխատավարձերի վճարմանը»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 11-ին, Արցախի տեղեկատվական շտաբը՝ արձագանքելով գումարների յուրացման վերաբերյալ կեղծ լուրերին, հաղորդել էր Արցախի պետական բյուջեի գանձապետական հաշիվներում շարունակում է մնալ շուրջ 3,1 միլիարդ դրամ մնացորդ, որը սառեցված է, և որևէ գործարք չի իրականացվում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում