Անշարժ գույքի շուկա. Անհատական բնակելի տների պահանջարկն աճել է. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

4 Min Read

Անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող զարգացումները պայմանավորված են տնտեսությունում ընթացող տարաբնույթ փոփոխություններով, ինչպես նաև ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրադարձություններով։ Մասնավորապես, Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման արդյունքում տասնյակ հազարավոր արցախցիներ տեղափոխվոցին Հայաստան։

Անշարժ գույքի շուկայում ստեղծվեց լրացուցիչ պահանջարկ, որն առաջարկի համեմատաբար հաստատունության պայմաններում անշարժ գույքի գները բարձրացրեց։ Անշարժ գույքի  շուկայի համար շոկային է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների անորոշությունը։ Մարդիկ չեն կարողանում հասկանալ՝ ինչ սպասել և, հետևաբար, համապատասխան վարքագիծ են դրսևորում։ Իրավիճակը բարդ է նաև ներքաղաքական, հայ-ռուսական հարաբերությունների առումով։


Անշարժ գույքի շուկայում գնաճը շարունակվում է

Անշարժ գույքի շուկայի վրա նաև ազդեցություն կունենա այն օրենքը, որի համաձայն վարձակալության գործարքները ոչ միայն պետք է արձանագրվեն, այլ նաև որոշակի գումարներ պետք է մուտք արվեն բյուջե։ Այս բոլոր իրադարձություններով հանդերձ՝ ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների թվաքանակի մասով տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները․

Անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների ընդհանուր թվաքանակը 2023թ․-ի երրորդ եռամսյակում  2022թ-ի նույն եռամսյակի համեմատ աճել է 1,5%-ով, իսկ 2023թ-ի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 0,01%-ով՝ կազմելով 54,095 միավոր։

Գործարքների թվաքանակով առաջատար է Երևանը։ 2023թ-ի երրորդ եռամսյակում  2022թ-ի նույն եռամսյակի համեմատ մայրաքաղաքում իրականացված գործարքների թվաքանակը նվազել է 6,9%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ գործարքների թվաքանակն աճել է 0,1%-ով՝ կազմելով 15,236 միավոր։

Մարզերից առաջատար է Կոտայքի մարզը, որտեղ 2023թ-ի երրորդ եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ իրականացված գործարքների թվաքանակն աճել է 10,3%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ գործարքների թվաքանակը նվազել է 1,2%-ով՝ կազմելով 9,421 միավոր։

Մարզերում 2023թ-ի երրորդ եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ  անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների թվաքանակի ամենամեծ աճը՝ 18,1%-ով, դիտվել է Գեղարքունիքի մարզում՝ կազմելով  3,125 միավոր։

Գործարքների թվաքանակի ամենամեծ անկումը դիտվել է Լոռու մարզում՝ -10,8%՝ կազմելով՝ 3,320 միավոր։ 

Հաջորդիվ անդրադառնանք գործարքների թվաքանակին՝ ըստ գործարքի տեսակների․

2023թ-ի երրորդ եռամսյակում օտարման գործարքների թվաքանակը կազմել է 20,108 միավոր։ Վերջինս 2022թ․-ի երրորդ եռամսյակի համեմատ նվազել է 1,3%-ով, իսկ 2023թ-ի երկրորդ եռամսյակի համեմատ՝ աճել է 2,6%-ով։

Օտարման գործարքների զգալի մասը պատկանում է առուվաճառքի գործարքներին։ Վերջիններիս թվաքանակը 2023թ-ի երրորդ եռամսյակում կազմել է 12,323 միավոր։ Վերջինս նվազել է թե՛ նախորդ տարվա նույն եռամսյակի, թե՛ տվյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ՝ համապատասխանաբար 3,1%-ով և 3,7%-ով։

Գործարքների թվաքանակի 9,519 միավոր արդյունքով երկրորդ հորիզոնականում են հայտնվել ժառանգության հետ կապված գործարքները, որոնք նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ նվազել են 4,4%-ով, որը ամենամեծ անկումն է,  իսկ 2023թ-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել են 0,4%-ով։
2023թ-ի երրորդ եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ գործարքների թվաքանակի առավելագույն աճը դիտվել է օրինականացման գործարքների մասով՝ 31,2%-ով։

Վարձակալության գործարքների թվաքանակը 2023թ-ի երրորդ եռամսյակում կազմել է 2,619 միավոր, որը նախորդ տարվա նույն եռամյսակի համեմատ աճել է 1,7%-ով, սակայն 2023թ-ի երկրորդ եռամսյակի նկատմամբ նվազել է 15,6%-ով։

Վերջում ուսումնասիրենք գործարքների թվաքանակը՝ ըստ գույքի տեսակների․

Առաջին հորիզոնականում է հողի հետ կապված գործարքների թվաքանակը  և 2023թ-ի երրորդ եռամսյակում կազմել է 21,059 միավոր։ Վերջինս 2022թ-ի երրորդ եռամսյակի համեմատ աճել է 2,5%-ով, իսկ 2023թ․-ի երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 2,7%-ով։

Երկրորդ հորիզոնականում են բնակարանների հետ կապված գործարքների ծավալները, որոնք 2023թ-ի երրորդ եռամսյակում կազմել են 13,469 միավոր։ Նկատելի է, որ բնակարանների հետ կապված գործարքների թվաքանակը 2023թ-ի երրորդ եռամսյակում 2022թ․-ի նույն եռամսյակի համեմատ նվազել են 10,2%-ով, իսկ 2023թ-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 3,5%-ով։

Երրորդ տեղում են անհատական բնակելի տների մասով իրականացված գործարքները, որոնք կազմել են 12,510 միավոր։ Վերջինս 2022թ-ի երրորդ եռամսյակի համեմատ աճել է 8,5%-ով, իսկ 2023թ-ի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 2,5%-ով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով