Business Insider. Բիլ Գեյթսի նախկին օգնականն աշխարհի 5-րդ ամենահարուստ մարդն է. Ո՞վ է նա

2 Min Read

Բիլ Գեյթսի նախկին օգնականը կարող է շուտով իր հարստությամբ շրջանցել Microsoft-ի համահիմնադիր իր նախկին ղեկավարին:

Bloomberg-ի հարուստների ցուցակում Սթիվ Բալմերն իր 115 միլիարդ դոլար կարողությամբ զիջում է միայն Բիլ Գեյթսին, գրում է Business Insider-ը:

Սթիվ Բալմերի կարողությունն այս տարի աճել է մոտ 29 միլիարդ դոլարով՝ հասնելով մոտ 115 միլիարդ դոլարի: Bloomberg-ի միլիարդատերերի ցուցակում նա զբաղեցրել է 5-րդ տեղը:  Ի դեպ, 3 ամիս առաջ՝ 17 միլիարդ դոլարով, իսկ այժմ ընդամենը 6 միլիարդ դոլարով է Բալմերը զիջում Գեյթսին, ով 4-րդ տեղում է՝ 121 միլիարդ դոլարով:

Բալմերը ներկայումս ավելի հարուստ է, քան Լարի Էլիսոնը (114 միլիարդ դոլար),  Լարի Փեյջը (110 միլիարդ դոլար), Մարկ Ցուկերբերգը (108 միլիարդ դոլար) և Սերգեյ Բրինը (105 միլիարդ դոլար):

Բալմերը միացել է Microsoft-ին 1980 թվականին՝ որպես նախագահի օգնական: Պայմանագրի համաձայն՝ նա համաձայնել է ստանալ 50 000 ԱՄՆ դոլար բազային աշխատավարձ և իր բերած շահույթի 10%-ը: Երբ արդեն շահույթից ստացված գումարի չափը դարձել է բավականին շոշափելի, նա այն փոխանակել է  զգալի  բաժնետոմսով:

Գեյթսի խորհրդականը  Microsoft-ի գործադիր տնօրեն է դարձել 2000 թվականին, սակայն հեռացել է այդ պաշտոնից 2014 թվականին, երբ արդեն ուներ 333 միլիոն բաժնետոմս կամ 4% բաժնետոմս:

Բալմերի հարստությունն այս տարի աճել է արհեստական ինտելեկտի շնորհիվ: Այս գարնանը ChatGPT-ում արված ներդրումների շնորհիվ վերջին 10 ամսում Microsoft-ի բաժնետոմսերն ավելացել են 38%-ով:

Նշվում է, որ եթե նրան հաջողվի իր կարողությամբ գերազանցել Գեյթսին, ապա սա հազվադեպ օրինակ կլինի, երբ աշխատակիցն ավելի հարուստ է, քան իր ընկերության հիմնադիրը:

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով