Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ապահովման սկզբունքի, ինչպես նաև տնտեսության համար ձևավորված դրական զարգացումների պահպանման պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունը 2024 թվականին շարունակելու է առաջնորդվել թիրախային 7 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակով` շեշտադրելով հարկաբյուջետային կայունության պահպանումն ու տնտեսական ներուժի աճին ուղղված պետական ներդրումների էական ավելացումը:
Այս մասին ասել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` ներկայացնելով «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը, ինչպես նաև ՀՀ ԿԲ-ի` 2024 թվականի վարչական ծախսերն ու կապիտալ ներդրումները:
Տնտեսական քաղաքականության հիմքում ընկած է արտադրողականության և մրցունակության աճի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, որտեղ կարևոր նշանակություն ունեն ներդրումային միջավայրի բարելավումն ու ներդրումների խրախուսմանն ուղղված միջոցառումների իրականացումը, պետական ներդրումների մասնաբաժնի էական աճը, ինչպես նաև կարողությունների զարգացման միջոցով արտադրողականության աճին նպաստումը:
Ըստ Մարտին Գալստյանի` 2024 թվականին տնտեսական աճը կշարունակի իր վրա կրել ՀՀ տնտեսության համար նախորդ տարիներին ձևավորված նպաստավոր գործոնների ազդեցությունը և նախանշված բարձր մակարդակը կդրսևորվի տնտեսության բոլոր ճյուղերում:
«2024 թվականի համար նախանշվել է հարկեր/ՀՆԱ ցուցանիշի էական` 0.75 տոկոս կետով աճ, որի արդյունքում հարկերը կկազմեն ՀՆԱ-ի 24.4 տոկոսը: 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն: 2024 թվականին նախատեսվում է էականորեն մեծացնել կապիտալ ծախսերի կշիռը` ՀՆԱ-ում հասցնելով 6.6 տոկոսի, իսկ ընթացիկ ծախսերինը` 22.1 տոկոսի»,– մանրամասնել է կառույցի ղեկավարը:
Եզրակացության կազմման շրջանակում ԿԲ-ն առաջնորդվել է բյուջեի ծրագրի մի շարք սկզբունքներով, մասնավորապես, միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածության և դիրքի, ինչպես նաև երկարաժամկետ աճին նպաստելու վերաբերյալ գնահատականների ներկայացմամբ:
Մանրամասն ներկայացնելով Կենտրոնական բանկի` 2024 թվականի վարչական ծախսերն և կապիտալ ներդրումները` ԿԲ նախագահը նշել է, որ կապիտալ ներդրումների ծրագիրը կազմում է 3.7 մլրդ դրամ: ԿԲ-ի` 2024 թվականի վարչական ծախսերի նախահաշիվը պլանավորվել է շուրջ 10.3 մլրդ դրամ:
«ԿԲ-ն, առաջնորդվելով իր ռազմավարությամբ, ինչպես նաև թվայնացման օրակարգում Կառավարության հետ համագործակցությամբ, ավարտել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հիմնադրման, ստեղծման գործընթացը: Գործակալության գործունեությունը կարգավորող օրենսդրական փաթեթը ներկայացվելու է ՀՀ ԱԺ և հուսով ենք, որ փաթեթն ամրագրելուց հետո, ԿԲ-ն մանդատ կստանա կատարել ֆինանսավորում օրենսդիրի կողմից տրված մանդատի ներքո»,- նշել է նա:
Մաանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում