Շատ վտանգավոր վիճակում ենք. Ավինյանը՝ մետրոյում առկա խնդրի մասին

1 Min Read

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ դեռևս անհրաժեշտ ֆինանսավորումը չեն ստացել: Նա նշել է, որ արդեն վեց-յոթ ամսից ավել է` այս խնդիրը կա:

Նա պարզաբանել է, որ խոսքը 32 անվազույգերի և 4 կմ ռելսի հետ կապված գումարների մասին է. մոտ 400 մլն անհրաժեշտ է անվազույգերի և 200 մլն` ռելսերի համար:

«Արդեն 4-5 անգամ ներկայացրել ենք, որ կառավարությունը հաստատի նախագիծը: Դիտողությունները միայն ֆինանսների նախարարության կողմից են, տեղեկացրել են, որ այն հաշվարկել են 2024 թ.-ի բյուջեում»,– ասել է Սեդրակյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիմելով փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին, նշել է. «Ունեցել ենք միջադեպ, բարեբախտաբար` առանց զոհերի, աշխատեք, որ նախագիծը սեղմ ժամկետներում ընդունվի, շատ վտանգավոր վիճակում ենք, բյուրոկրատական անիմաստ ձգձգումները հավելյալ ռիսկեր են առաջացնում»:

Քաղաքապետի խոսքով՝ եթե խոսքը հրատապության մասին է, այս ծրագիրն ամենահրատապներից մեկն է ՀՀ-ում:

Կիսվեք այս հոդվածով