2023թ. Երևանում շահագործման կհանձնվի ընդհանուր առմամբ 23 մանկապարտեզ

2 Min Read

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվել են հետևյալ թեմաները.

2023թ. Երևանում հիմնանորոգված ու հարմարավետ պայմաններով շահագործման կհանձնվի ընդհանուր առմամբ 23 մանկապարտեզ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 7-ն արդեն շահագործվում է, 8-ը՝ շտկման փուլում է:

Մուշական թաղամասը կոյուղատար համակարգ կունենա. կկառուցվի շուրջ 4.6 կմ կոյուղագիծ: Ծրագրի շուրջ 50%-ն արդեն կատարված է:

Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվել են գույքագրման աշխատանքներ: Առանձնացվել է շուրջ 50 միավոր հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերությունների և ունեն բարեկարգման կարիք: 2023թ. ավագանու որոշմամբ խստացվել է հսկողությունը, սեփականատերերը ծանուցվել են:

«Մարդիկ պետք է գիտակցեն, որ հուշարձան շենքը սեփականություն ունենալը որոշակի պատասխանատվություն է ենթադրում: Եթե պատրաստ չեն՝ պետք է ձերբազատվեն այդ շենքից: Մենք պետք է սկսենք մեր գործիքակազմը կիրառել»,– նշել է քաղաքապետ Ավինյանը: 

Առևտրի և ծառայությունների վարչության կողմից նախապատրաստված նյութերով մայրաքաղաքում ընդհանուր առմամբ ապամոնտաժվել է ապօրինի գործունեություն իրականացնող 14 բենզալցակայան, որից 5-ը՝ կենտրոնում: Քաղաքապետ Ավինյանը հանձնարարել է մշտապես վերահսկել գործընթացը:

«Մենք այս խստությունը շարունակելու ենք, որովհետև տասնամյակների ընթացքում Երևանում որոշակի գործընթացների վրա աչք փակելով տեղի է ունեցել մի գործընթաց, որի արդյունքում կենտրոնում ունեինք բենզալցակայաններ, համայնքային հողի վրա ինքնակամ շինությունների աճ՝ քաղաքաշինական նորմերի խախտումներով: Մենք այդ քաղաքականությունը մերժում ենք և, ի հակադրումն այդ քաղաքականության, ասում ենք՝ սիրելի երևանցիներ, յուրաքանչյուր աշխատանք, որ արվելու է Երևանում, պետք է իրականացվի որոշակի չափորոշիչների համապատասխան»,– ընդգծել է քաղաքապետը:    

Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացմանը զուհագեռ՝ կտեղադրվի հեռակառավարման նոր համակարգ: Այն հնարավորություն կտա ավելի  հեշտությամբ լուծել վերահսկողության, անվտանգության խնդիրները, առցանց տարբերակով նկատել վթարներն ու արագորեն արձագանքել:

Կիսվեք այս հոդվածով