Հայաստանում 2024 թվականին իրական աշխատավարձի 8.8 տոկոս աճ է կանխատեսվում։ Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետբյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը հայտնել է, որ դրական միտումները, որոնք արձանագրվում են աշխատանքի շուկայում, կշարունակվեն նաև 2024 թվականին։
«Այն դրական միտումները, որոնք արձանագրում ենք աշխատանքի շուկայում, կարծում ենք, որ կշարունակվեն 2024 թվականին։ Բարձր տնտեսական աճի պայմաններում 2023 թվականին կանխատեսում ենք վարձու աշխատողների թվի և իրական աշխատավարձի աճ՝ համապատասխանաբար 5,5 և 13,6 տոկոսով։ Իսկ 2024 թվականին աշխատավարձերը կբարձրանան 8.8 տոկոսով, վարձու աշխատողների թիվը կավելանա 2.7 տոկոսով»,– նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ Կառավարությունը ակնկալում է, որ 2023 և 2024 թվականին կլինի զբաղվածության աճ։
«2023 թվականին ունենք 3.2 տոկոս զբաղվածության աճ, 2024 թվականին կլինի 1.4 տոկոս աճ։ Գործազրկության մակարդակը կնվազի՝ հասնելով 12.3 տոկոսի»,– եզրափակել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում