ՊԵԿ-բիզնես գործընկերային հանդիպում. քննարկվել են Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման հեռանկարները

2 Min Read

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների հետ՝ համատեղ քննարկելով լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) ինստիտուտի կիրառման ու զարգացման հեռանկարները, բիզնեսին հետաքրքրող խնդիրներն ու  դրանց կարգավորման ուղիները:

ՊԵԿ նախագահը, լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների համատեքստում, կարևորել է գործընթացում տնտեսվարողների ակտիվ մասնակցությունը:  Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ավելի վաղ ՀՀ կառավարության որոշման նախագծով արդեն իսկ ստեղծվել է հնարավորություն Հայաստանում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման համար։

Կոմիտեի ղեկավարը տնտեսվարողների ուշադրությունը հրավիրել է կիրառվող լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի առանձնահատկություններին ու դրանցից օգտվելու պարագայում՝ ընձեռված հնարավորություններին:

«ԼՏՕ կարգավիճակ ունեցող տնտեսվարողների համար դա նախևառաջ ժամանակի և ծախսերի խնայողություն է մաքսային գործառնությունների իրականացման գործընթացում: Բարեփոխումների արդյունքում ցածր ռիսկայնություն ունեցող կազմակերպությունների համար կկիրառվեն մաքսային գործառնությունների պարզեցված ընթացակարգեր, որոնց միջոցով մաքսային մարմնի հետ շփումները կհասցվեն նվազագույնի, տնտեսվարողները կսպասարկվեն արտահերթ և կընձեռնվի սահմանային անցման կետերից ապրանքների բացթողնման, այնուհետև հայտարարագրերի ձևակերպման հնարավորություն»,-ասել է նա։

Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ առաջարկվող գործիքակազմից օգտվելու համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն անհրաժեշտ է, որ համապատասխանեն օրինապահ հարկ վճարողի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված մի շարք այլ չափորոշիչներին և պահանջներին:

Լիազորված տնտեսական օպերատորի առաջին և երկրորդ տիպի վկայականներ միաժամանակ ունեցող տնտեսվարողների համար, մաքսային գործառնությունների մի շարք պարզեցումներին զուգահեռ, Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է որոշակի այլ հնարավորություն ևս սահմանել, մասնավորապես, մաքսային հսկողության գոտիներում տրամադրել մշտական տեղակայման վայր,  ՊԵԿ ուսումնական կենտրոնի տրամադրած հավաստագրի առկայության դեպքում մաքսային ներկայացուցչի ծառայության մատուցում և այլն:

Ըստ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Լիլիթ Մովսիսյանի, առաջին և երկրորդ կամ երրորդ տիպի հավաստագրերի առկայության դեպքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները կստանան մաքսային գործառնություններին առնչվող համալիր ծառայությունների մատուցման հնարավորություն՝ մաքսային հսկողության գոտիներում:

Իրազեկման հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների,  հարց ու պատասխանի ձևաչափով:  Տնտեսվարողները լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ձեռքբերելու, սահմանված արտոնությունների  և իրենց գործունեությանն առնչվող տարբեր հարցեր են հնչեցրել: Իսկ առավել խորքային ուսումնասիրություն պահանջող առանձին հարցերն առաջարկվել է քննարկել հետադարձ կապի միջոցով:

Կիսվեք այս հոդվածով