Ռուսաստանի նախագահի այն պնդումները, թե Հավաքական Արևմուտքի կողմից դրված պատճամիջոցները ոչ միայն չեն վատթարացնում ռուսական տնտեսության վիճակը, այլ մի բան էլ խթանում են տնտեսության զարգացումը նոր ճանապարհով, ընդհանուր առմամբ, հայտարարություն է ներքին օգտագործման համար։
Ռուսաստանը ամեն կերպ փորձում է թեթևացնել արևմտյան պատժամիջոցների բեռը։ Մի դեպքում ստացվում է, մյուս դեպքում՝ ոչ այնքան։ Ռուսաստանը մտերմացել է աշխարհի ամենադաժան ռեժիմների հետ՝ հույս ունենալով լուծել օրեցօր աճող ճնշումը ՌԴ տնտեսության վրա։ Ռուսաստանը պետք է լավ հիշի, որ որքան ձգձվի ուկրաինական ճգնաժամը, այնքան իրավիճակը տնտեսությունում մտնելու է նոր փակուղիներ։
Սեփական տնտեսությունը ջրի երեսին պահելու համար ՌԴ-ն համագործակցության եզրեր է փնտրում տարբեր կազմակերպություններում։ Այս անգամ հերթը հասել է ՇՀԿ-ին՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը։ Անդամակցող երկրներից զատ, մի քանի երկրներ ներգրավված են որպես այս կազմակերպության դիտորդներ կամ գործընկերներ, այդ թվում և Հայաստանը:
ՇՀԿ-ն հիմնականում չինական բազմաթիվ նախագծերից մեկն է, որը թույլ է տալու տարածել սեփական ազդեցությունը անդամ երկրների վրա։ Եվ ահա, այս կազմակերպության անդամ պետությունների վարչապետերի հանդիպման ժամանակ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է ստեղծել ռեգիոնալ անկախ վճարահաշվարկային համակարգ և ապահովել ազգային արժույթների փոխարկումը ազգային բորսաներում։
Այս առաջարկը ռուսական իշխանությունների հերթական քայլն է դոլարից ազատվելու և միևնույն ժամանակ այլ արտարժույթներ ձեռք բերելու ուղղությամբ։ Ցավոք, այս առաջարկը շատ բարդ կլինի կյանքի կոչել, գոնե մոտակա ժամանակներում դժվար թե իրագործելի լինի։
Նկատենք, որ ՇՀԿ անդամներից դեմոկրատական է միայն Հնդկաստանը։ Մյուսները հիմնականում ավտորիտար կամ հիբրիդ ռեժիմներով պետություններ են։ Չնայած ԱՄՆ-ի հետ ունեցած լարվածություններին՝ նրանց տնտեսություններն այնքան ճկուն չեն, որպեսզի նման խոշոր քայլեր կատարեն։ Բացի այդ՝ ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, 2023թ-ի երկրորդ եռամսյակում, արտարժույթային պահուստների ընդհանուր ծավալները, որոնք կազմել են $12,055․3 տրլն, շարունակում են մեծապես համալրված լինել ԱՄՆ դոլարով․
Արտարժույթային պահուստների ընդհանուր ծավալների 58,9%-ը պատկանում է ԱՄՆ դոլարին։
Երկրորդ, երրորդ և չորրորդ հորիզոնականերում են եվրո-ն, իենը և ֆունտը՝ համապատասխանաբար ՝ 19,97%, 5,4% և 4,9% բաժնեմասերով։
Նկատում ենք, որ չնայած ռուս-չինական հակադոլարային և հակաարևմտյան հիստերիային՝ աշխարհի երկրների մեծ մասը շարունակում է վստահություն ցուցաբերել Արևմուտքի տնտեսությունների նկատմամբ և իրենց արժույթային պահուստներում պահել Արևմուտքի տարբեր արժույթներ։
Անշուշտ, կարող է երկրների որոշակի հատված պարտադրված է գնում այդ քայլին, սակայն մեծամասնությունն առաջին հերթին նայում է իր տնտեսական շահերին։
Չինական փաթեթավորմամբ նոր փորձություն Արևմուտքի համար
Մյուս կարևոր վիճակագրությունը կապված է 2023թ-ի հոկտեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ՇՀԿ անդամ երկների տնտեսության աճի հեռանկարներին վերաբերող վիճակագրությանը․
Նկատենք, որ 2024թ-ին Շանհայի համագործակցության կազմակերպության երկրներից Իրանի, Ղազախստանի, ՌԴ-ի, Չինաստանի և Տաջիկստանի տնտեսությունների մասով կանխատեսումներն այնքան էլ ոգեշնչող չեն։ Այս երկրներում 2024թ․-ին 2023թ-ի համեմատ տնտեսության աճը դանդաղելու է և հաստատվելու է համապատասխանաբար 2,5%, 4.2%, 1.1%, 4.2% և 5% մակարդակներում։
Տնտեսության աճը Հնդկաստանում լինելու է ամենաբարձրը՝ 6,3%։ Տնտեսական աճի արագացում նկատվելու է Ղրղզստանում և Պակիստանում, որտեղ 2024թ-ին տնտեսական աճը կազմելու է համապատասխանաբար 4,3% և 2,5%։
- Այսպիսով, կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխարհում ապադոլարացման տեմպերը չափազանց դանդաղելու են։ Հետևաբար, ՌԴ-ի կողմից հնչեցված առաջարկների ի կատար ածումը, նույնիսկ երկարաժամկետում, քիչ հավանական է։ Դրան նպաստում են առաջին հերթին ՇՀԿ հիմնական երկրների տնտեսությունների աճի դանդաղեցումը, ապա նաև այդ երկրների սերտ կապվածությունները Հավաքական Արևմուտքի հետ։