ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականի 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 55%-ով։ Այս մասին Բիշկեքում ընթացող ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի համատեղ նիստին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ընթացիկ տարվա հունվար–օգոստոս ամիսների ընթացքում Անկախ պետությունների համագործակցության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 55%–ով։ Միևնույն ժամանակ Հայաստանի արտահանումն է աճել` ավելի քան 2 անգամ»,– ասել է նա։
Նրա խոսքով` կառավարությունը հետագայում էլ պատրաստվում է օգտագործել ողջ գործիքակազմը, որպեսզի ԵԱՏՄ և Համագործակցության անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրում այդ դրական դինամիկան պահպանվի։