2023 թ. սեպտեմբերին 9000-ով ավելացել են անկանխիկ վճարման համակարգից օգտվող թոշակառուները

1 Min Read

Կառավարության նիստին չզեկուցվող նախագծով առաջարկվեց ԱՍՀՆ-ին տրամադրել 1 միլիարդ 800 միլիոն դրամ՝ ապահովելու համար կենսաթոշակառուների, նպաստառուների՝ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու գործընթացի շարունակականությունը ապահովելու համար: Այս մասին նիստին ասել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Ծրագրի մեկնարկից ի վեր մենք յուրաքանչյուր ամիս ունեցել ենք բոլոր ցուցանիշների աճ, այդ թվում՝ սեպտեմբեր ամսվա: Սեպտեմբեր ամսվա անկանխիկ վճարումների ընդհանուր ծավալը կազմել է 5 միլիարդ 740 միլիոն, որի դիմաց մեր հայրենակիցներին տրվել է 481 միլիոն դրամ հետվճար»,- ասել է Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ նաև ավելի քան 9000-ով ավելացել է շահառուների թիվը, և այս պահի դրությամբ մենք ունենք 150 հազար շահառու, իսկ մեկնարկից ի վեր ընդհանուր անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 49 միլիարդ դրամ, որի դիմաց այս 1 տարի և 2 ամիս ժամանակահատվածում տրվել է 4.1 միլիարդ դրամ հետվճար:

Թվերի աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հետվճարի համակարգին միացան 2 նոր բանկեր՝ «Հայէկոնոմբանկը» և «Յունիբանկը», ինչպես նաև հուլիս ամսվա ընթացքում կատարված կենսաթոշակների բարձրացումը: Սա նույնպես նպաստել է, որպեսզի հետաքրքրությունն ավելի մեծանա անկանխիկ գործարքներից հետվճար ստանալու այս ծրագրի նկատմամբ:

Կիսվեք այս հոդվածով