Տեղահանված 60-ից ավելի մասնագետ արդեն աշխատում է բուժկենտրոններում. Անահիտ Ավանեսյան

1 Min Read

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Ապրի Արմենիա» հիմնադրամի կազմակերպած «Առաջընթաց` անորոշության պայմաններում» խորագրով ֆորումին:

Նախարարը ներկայացրել է առողջապահական համակարգի ներկա վիճակը, մարտահրավերները, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնության կազմակերպման ընթացքը, աճող կարիքներին համապատասխան պետական մոտեցումը:

«45 հազարից ավելի տեղահանված հայրենակից է գրանցվել առողջության առաջնային պահպանման օղակում, ինչը նախապայման է պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար: Միաժամանակ, մոբիլ թիմերի միջոցով կազմակերպվել են բժշկական խորհրդատվություններ, հետազոտություններ քրոնիկ հիվանդություններն ախտորոշելու համար` հետագա շարունակական հսկողությունը և դեղերի տրամադրումը ապահովելու նպատակով»,-ասել է նա:

Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նաև տեղահանված բուժաշխատողների հավաստագրման և աշխատանքի տեղավորման հարցերին` նշելով, որ 60-ից ավելի մասնագետ արդեն իսկ աշխատում է հանրապետության տարբեր բուժհաստատություններում:

Նախարարը պատասխանել է ոլորտի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Կիսվեք այս հոդվածով