Հիմա շատ մեծ տեմպերով է զարգանում արևային էներգետիկան. Փաշինյան

2 Min Read

Էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը օրակարգում է, էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիան և էներգետիկ շուկայում որոշակի զարգացումներ ապահովելը նույնպես օրակարգում է: Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Իրան-Հայաստան գազամուղի հնարավորություններին՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Իրան-Հայաստան գազամուղի պոտենցյալի մի մասն է օգտագործվում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


«Կրկին պետք է շեշտեմ շատ կարևոր բարեփոխում՝ էներգետիկ շուկայի ազատականացումը, երբ շուկայում էներգիա արտադրողները ազատ առևտուր անելու հնարավորություն ունեն: Պետք է ասեմ նաև, որ այնպես չէ, որ եթե ես ճիշտ գիտեմ՝ Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալն ամբողջությամբ օգտագործվում է. այդ պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Իրանի մեր գործընկերների հետ մենք կնքեցինք պայմանագիր՝ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը մինչև 2030 թվականը երկարացնելու վերաբերյալ, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է: Ներկայումս պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ այսօր աշխարհում կան տեխնոլոգիաներ, որոնք ակտիվորեն զարգանում են. դրանցից է, մասնավորապես, մարտկոցային էլեկտրակայանների հիմնումը, որը արդեն աշխարհում շատ մեծ թափ է ստանում, և մենք նաև այդ ուղղությամբ ենք մտածում և աշխատում»,– նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կարող է պարզվել, որ ՀՀ-ն էներգետիկ առումով ինքնաբավ պետություն է, եթե պարզվի, որ մենք արևային էներգիայի  հզորություններ ունենք: Արևային էներգիայի պոտենցիալը մեր երկրում շատ մեծ է: Հիմա արդեն տեխնոլոգիաները կան և կարող է մենք մի քիչ էլ նույնիսկ ուշացել, բայց իրականում չենք էլ ուշացել. հիմա շատ մեծ տեմպերով արևային էներգետիկան զարգանում է, այդ թվում՝ անհատական մակարդակով, և նաև դա էներգետիկ բալանսի մեջ բերում է որոշակի նորություններ:

Կիսվեք այս հոդվածով