Բռնի տեղահանվածներին պետության աջակցությունը կկազմի շուրջ 50 մլրդ դրամ

25 Հոկտեմբերի, 2023
2 Min Read
Բռնի տեղահանվածներին պետության աջակցությունը կկազմի շուրջ 50 մլրդ դրամ

100 հազարական դրամներ հատկացրած բյուջեն կկազմի 10 միլիարդ դրամ, այս պահին 97․239 բռնի տեղահանվածներին կատարված են վճարումները, այդ թվում՝ 24 հազար երեխաների։

Այս մասին ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետության կողմից տրվող աջակցություններին՝ նա նշել է, որ շարունակվում են տվյալները մշակվել։ Հաջորդ շաբաթվա ընթացքում այս ցուցանիշն ավելին կլինի, քան 100 հազար մարդուն արված վճարումները:

«Բնակարանային ապահովության, կացարանի և կոմունալ ծախսերի համար նախատեսված վեցամսյա միջոցառումների ընդհանուր արժեքը մոտ 30 միլիարդ դրամ է, կամ ամեն ամսվա համար՝ 5 միլիարդ դրամ։ Այն երկու ամսվա՝ նոյեմբերի և դեկտեմբերի համար կառավարությունն արդեն հայտնել է իր որոշումը, սակայն դա դեռ չի ֆորմալացվել, քանի որ վճարումները լինելու են անկախ տարիքից ու այն հանգամանքից՝ աշխատում են մարդիկ, թե ոչ։ Մոտավոր հանրագումարով՝ երկու ամսվա գումարը կկազմի 10 միլիարդ դրամ»,- ասել է փոխվարչապետը:

Նա նշել է, որ եթե միայն այս երեք միջոցառումները թվարկեն, ապա ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետության աջակցությունը կկազմի շուրջ 50 միլիարդ դրամ։  Խաչատրյանի տեղեկացմամբ՝ այս թվի մեջ չի մտնում մարզպետարանների կողմից տեղում տրամադրած աջակցությունը:

«Ամենամեծ հարցը, որ պետք է կարգավորել առաջիկայում, վերաբերում է բնակարանային ապահովության երկարաժամկետ ծրագրերին, որի մանրամասները մշակման ընթացքում են, ինչը մասնակիորեն անդրադարձ կունենա եկող տարվա բյուջեի վրա»,— ասել է նա:

Խաչատրյանը հավելել է, որ կարգավիճակի վերաբերյալ որոշում ունենալու դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են  դիմել քաղաքացիություն ստանալու համար, ինչի արդյունքում կստանան նաև կենսաթոշակների և օրենքով սահմանված բոլոր նպաստների շահառու լինելու իրավունք։

Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն