100 հազարական դրամներ հատկացրած բյուջեն կկազմի 10 միլիարդ դրամ, այս պահին 97․239 բռնի տեղահանվածներին կատարված են վճարումները, այդ թվում՝ 24 հազար երեխաների։
Այս մասին ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետության կողմից տրվող աջակցություններին՝ նա նշել է, որ շարունակվում են տվյալները մշակվել։ Հաջորդ շաբաթվա ընթացքում այս ցուցանիշն ավելին կլինի, քան 100 հազար մարդուն արված վճարումները:
«Բնակարանային ապահովության, կացարանի և կոմունալ ծախսերի համար նախատեսված վեցամսյա միջոցառումների ընդհանուր արժեքը մոտ 30 միլիարդ դրամ է, կամ ամեն ամսվա համար՝ 5 միլիարդ դրամ։ Այն երկու ամսվա՝ նոյեմբերի և դեկտեմբերի համար կառավարությունն արդեն հայտնել է իր որոշումը, սակայն դա դեռ չի ֆորմալացվել, քանի որ վճարումները լինելու են անկախ տարիքից ու այն հանգամանքից՝ աշխատում են մարդիկ, թե ոչ։ Մոտավոր հանրագումարով՝ երկու ամսվա գումարը կկազմի 10 միլիարդ դրամ»,- ասել է փոխվարչապետը:
Նա նշել է, որ եթե միայն այս երեք միջոցառումները թվարկեն, ապա ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետության աջակցությունը կկազմի շուրջ 50 միլիարդ դրամ։ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ այս թվի մեջ չի մտնում մարզպետարանների կողմից տեղում տրամադրած աջակցությունը:
«Ամենամեծ հարցը, որ պետք է կարգավորել առաջիկայում, վերաբերում է բնակարանային ապահովության երկարաժամկետ ծրագրերին, որի մանրամասները մշակման ընթացքում են, ինչը մասնակիորեն անդրադարձ կունենա եկող տարվա բյուջեի վրա»,– ասել է նա:
Խաչատրյանը հավելել է, որ կարգավիճակի վերաբերյալ որոշում ունենալու դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են դիմել քաղաքացիություն ստանալու համար, ինչի արդյունքում կստանան նաև կենսաթոշակների և օրենքով սահմանված բոլոր նպաստների շահառու լինելու իրավունք։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում