Կառավարությունը հաստատեց մատակարար- առևտրային ցանց հարաբերությունները կարգավորող նոր մեխանիզմներ: Մասնավորապես` խոշոր գործարանները կամ մթերող ընկերությունները 30-օրյա ժամկետում կվճարեն մթերված գյուղմթերքի գումարը մատակարար կազմակերպություններին:
Առևտրային ցանցերն էլ մուտքի և ելքի կրիտերիաներ կսահմանեն, վճարման 30-օրյա և 60-օրյա ժամկետներ պահպանելով` համապատասխանաբար պարենային և ոչ պարենային ապրանքների համար:
Խնդիրը քարտեզագրվել է փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ խորհրդի կողմից, որի համակարգմամբ և մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը: 2023 թվականին ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ մշակել են առևտրային ցանց-մատակարար և գյուղմթերք իրացնող-խոշոր գնող հարաբերությունները կարգավորող նախագծեր:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներում փոփոխությունը սահմանում է, որ
- բանակցային ուժեղ դիրք ունեցող գյուղ արտադրանք ձեռք բերողը մատակարարված ապրանքի դիմաց պետք է վճարի հաշիվ-ապրանքագրի դուրսգրման (դրա բացակայության դեպքում` մատակարարման) պահից 30 օրվա ընթացքում,
- առևտրային ցանցը պետք է իր կայքում հրապարակի հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները և սկզբունքները, իրացվող ապրանքատեսակների ցանկը, ապրանքի ցուցադրման պայմանները և պայմանագրի դադարեցման հիմքերը,
- առևտրային ցանցը մատակարարի հետ պետք է պարտադիր կնքի գրավոր պայմանագիր` ներառելով օրենքով սահմանված պարտադիր տեղեկատվությունը, առևտրային ցանցի կողմից մատակարարին ապրանքի դիմաց վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան.
1) սննդամթերքի համար` 30 օրվա ընթացքում,
2) ոչ պարենային ապրանքներ համար՝ 60 օրվա ընթացքում:
- բանակցային ուժեղ դիրք ունեցող գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերողի կողմից ժամանակին չվճարելը կհամարվի բանակցային ուժեղ դիրքի չարաշահում և կառաջացնի օրենքով սահմանված պատասխանատվություն,
- եթե առևտրային ցանցը մատակարարի նկատմամբ թույլ է տվել վճարումների իրականացման 3 միլիոն կամ ավել դրամի չափով 90 օրացուցային օր կամ ավել ժամկետով կետանց դա կհամարվի բանակցային ուժեղ դիրքի չարաշահում և կառաջացնի օրենքով սահմանված պատասխանատվություն: