Ինքնակամ շինություն կառուցելու համար տուգանքի չափը կբարձրացվի. նախագիծ

2 Min Read

Ինքնակամ կառույցների դեմ պայքար մղելու քայլերն ուղղված են եղել օրենսդրական փոփոխությունների արդյունքում ինքնակամ կառույցների օրինականացման բացառման, ինչպես նաև պետական և համայնքային ենթակայության հողամասերի, վերակառուցված ինքնակամ շինությունների քանդման արդյունավետ գործիքակազմերի ներդրմանը, բայց նշված քայլերը ամբողջությամբ չեն լուծել ինքնակամ շինությունների կանխարգելման հարցը, և այսօր էլ այս մասով խախտումները ՀՀ-ում մեծ թիվ են կազմում:

Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ներկայացնելիս:

«2022-ին փոփոխություններ են տեղի ունեցել, շինթույլտվության համար պետտուրքի չափն էականորեն բարձրացվել է, նախկինում 50 հազար դրամ էր: Այս պարագայում, երբ մենք այսպիսի բարձրացում ենք թույլ տվել 2022-ից հետո, որի շրջանակներում ստացվում է, որ շինթույլտվություն ստանալու համար անձը պետք է վճարի 200 հազարից 1 մլն դրամ, իսկ ապօրինի շինության համար վարչական տուգանքը կազմելու է 500-750 հազար դրամ, մենք ստեղծել ենք այսպիսի իրավիճակ, որով ավելի ձեռնտու է դառնում ունենալ ինքնակամ կառույցի կարգավիճակ, քան, պետության սահմանած տուրքերը վճարելով, կառուցել օրինական կառույց:

Այս առնչությամբ միակ հնարավոր տարբերակը, չնայած խուսափում ենք և բազմիցս նշել ենք, որ վարչական իրավախախտումներում տուգանքների ավելացումը Կառավարության առաջնահերթություններից չէ և ցանկալի չէ, բայց այս պարագայում, մենք կարծում ենք, որ իրավաչափ է և անհրաժեշտություն է ավելացնել ինքնակամ կառույցների համար տուգանքների չափը»,- ասել է Հարությունյանը:

Ըստ այդմ՝ տուգանքի չափը ինքնակամ կառույցի համար  500 հազարից 1000-ապատիկն է, ներկայումս առաջարկվում է 750 հազարից 1500-ապատիկը: Նույն արարքներով պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում նվազագույն աշխատավարձի 1500-2000-ապատիկն էր նախատեսում օրենքը, հիմա առաջարկվում է 2000-2500-ապատիկը: Տուգանքի չափն առաջարկվում է դարձնել 2500-3000-ապատիկի չափով:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն էլ նկատեց՝ պետք է հասկանալ՝ տուգանքը բարձրացնելով՝ խնդիրը լուծվո՞ւմ է, կամ տուգանքը վճարելով՝ խախտումը վերանո՞ւմ է:

ԱԺ  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ խոստացավ հարցի քննարկումը տեղափոխել նաև պետական-իրավական հարցերի հանձնաժողով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով