Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման ենթարկված, բնաջնջման սպառնալիքի ներքո ստիպողաբար իրենց հողից տեղահանված հայերի աջակցությանն ուղղված ծրագրերը պետք է լինեն ավելի խորքային։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Մի կողմ պետք է դնել արցախցիներին առաջնահերթ ծախսերի համար գումար տրամադրելու ծրագիրը և պետք է կենտրոնանալ ավելի խորքային և կարևոր հարցերի վրա։ Այո, մինչև արցախցիների մշտական աշխատանքով ապահովելը, մինչև գոնե ժամանակավոր, բայց արժանապատիվ կացարանով ապահովելը, այդ նպաստներն անհրաժեշտություն են, բայց այն չպետք է լինի հիմնական կամ գլխավոր գործը։ Իսկ մինչ արցախցիներին աջակցող հիմնական ծրագրին կամ ծրագրերին անցնելն անհրաժեշտ է Արցախից տառապանքների միջով անցած մարդկանց գոնե չտուգանել մգեցված ապակի ունենալու կամ ավտոմեքենայի ապահովագրության ժամկետը լրացած լինելու համար։ Այս հարցը կարելի է և պետք է լուծել և ոչ թե հիմնավորել, թե ինչու են տուգանում»,- ընդգծեց Նազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում