Ընդհանուր կապիտալի ծավալները եռապատկվել են. Հնարավոր է արդյոք ներդրումներ կատարել ՀՀ ներդրումային ընկերությունների միջոցով

2 Min Read

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 21-ին Apricot Capital ներդրումային ընկերությունը կազմակերպել էր մեդիա դասընթաց «Ֆինանսական ներդրումներ․ ինչ, ինչպես, երբ և որտեղ» թեմայով։

Այս միջոցառման շրջանակներում ընկերության գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը և մյուս աշխատակիցները բավականին մանրամասնորեն անդրադարձան ՀՀ արժեթղթերի շուկային, ընկերության գործունեությանը և պատասխանեցին լրագրողների հարցերին։ Այս միջոցառումը հերթական քայլն էր տնտեսագետ-լրագրողների օգնությամբ հասարակության տարբեր շերտերին հասցնելու բավարար տեղեկատվություն Հայաստանի և աշխարհի արժեթղթերի շուկաներում տեղի ունեցող իրադարձությունների մասին։


«Ֆինանսական ներդրումներ. ինչ, ինչպես, երբ և որտեղ» թեմայով դասընթաց՝ լրագրողների համար

BanksNews.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորված Apricot Capital համապատասխան հարթակում արժեթղթերի հետ գործարքներ անելու դեպքում ՀՀ ռեզիդենտների համար սահմանված  նվազագույն 100,000 դրամի շեմը, ընկերությունից պատասխանեցին, որ որոշման ժամանակ հաշվի են առնվել միջազգային հարթակներում արժեթղթերի առքուվաճառքի հետ կապված գործընթացները, ինչպես նաև ՀՀ-ում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Նշվեց, որ ընկերությունը նվազագույն 100,000 դրամի շեմին հասել է 500,000 դրամ մակարդակից։

«ԷՓՐԻՔՈԹ Կ​ԱՊԻՏԱԼ» ՓԲ ընկերությունն ունի իր սեփական հավելվածը, որտեղ հնարավոր է ծանոթանալ խոշորագույն ընկերությունների արժեթղթերի գներին ուղիղ հեռարձակմամբ՝ առանց որևէ ժամանակային լագի։

Apricot Capital ներդրումային ընկերությունը միակը չէ Հայաստանում. ներկայացնենք ՀՀ ներդրումային ընկերությունների առքուվաճառքի և ռեպո գործարքների ծավալները 2023 և 2022թթ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին․

Նկատենք, որ առուվաճառքի գործարքներ ասելով՝ նկատի ունենք  կարգավորվող և չկարգավորվող շուկաներում կնքված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը (առանց առաջնային շուկայի գործառնությունների), իսկ ռեպո գործարքների պարագայում՝  կարգավորվող և չկարգավորվող շուկայում կնքված ռեպո/հակադարձ ռեպո համաձայնագրերի ծավալը (առանց երկարաձգումների և ԿԲ հետ գործարքների)։

Ստացվում է, որ 2023թ-ի սեպտեմբերին առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալները կազմել են 435,068 մլն դրամ, իսկ ռեպո գործարքներինը՝ 572․725 մլն դրամ։ 2023թ-ի սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ՝առուվաճառքի գործարքների ծավալները կրճատվել են 32%-ով, իսկ ռեպո գործարքների ծավալն աճել է 6%-ով։

Հավելենք նաև, որ 2023թ-ի սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ներդրումային ընկերությունների

  • ակտիվների ծավալներն աճել են 2,1 անգամ
  • պարտավորությունների ծավալները՝ 1,9 անգամ
  • ընդհանուր կապիտալի ծավալը՝ 2,9 անգամ
  • կուտակված շահույթը՝ 3,3 անգամ՝ կազմելով համապատասխանաբար 145,883, 112,441, 33,442 և 24,205 մլն դրամ։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով