Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որում ներկայացվել է 2023-2026 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը:
Նիստին մասնակցել են օրենսդիր, գործադիր, դատական համակարգերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և այլ մարմինների ներկայացուցիչներ:
«Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ մենք առաջին անգամ Ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից դուրս, ունենք օպերատիվ ծառայություն, որը գտնվում է Քննչական մարմնի կառուցվածքում: Այս աշխատանքն էլ շատ կարևոր է, և մենք որոշ ժամանակ անց արդյունքները պետք է ամփոփենք՝ ինչքանով է դա արդյունավետ, ինչքանով՝ ոչ, որովհետև ես հիշում եմ այդ քննարկումները՝ շատ կողմ, շատ դեմ կարծիքներ կային: Բայց, այնուամենայնիվ, այս որոշումը մենք կայացրեցինք և որոշ ժամանակ անց պիտի ամփոփենք: Ընդհանուր եզրակացությունը մեր հետևյալն է, որը վերաբերում է և՛ Հակակոռուպցիոն կոմիտեին, և՛ Կառավարությանը, և քննչական մարմիններին, և՛ Դատախազությանը, և՛ դատական մարմիններին, որ մենք արդեն մի քանի տարի այս ոլորտում, ինչպես ասում են՝ «ցանել ենք, ժամանակն է եկել հնձելու»: Այսինքն՝ «բերքը և պտուղները» տեսնելու, և շատ կարևոր է, որ այդ «բերքը» լինի առատ, որովհետև լեգիտիմ են բոլորի սպասումները: Երբ ասում ենք դատավճիռներ, մենք նկատի ունենք, որ կարող է լինել արդարացման դատավճիռներ, մեղադրական դատավճիռներ: Երբ լինեն արդարացման դատավճիռներ, մենք պետք է հետ վերադառնանք և անդրադառնանք մեր քննության որակին՝ ինչո՞ւ է դա տեղի ունեցել: Սա շատ կարևոր է, որովհետև անընդհատ մենք քննության որակի մասին ենք խոսում, բայց մինչև դատավճիռ չլինի մենք չենք կարող օբյեկտիվորեն անդրադառնալ քննության որակին, որովհետև քննության որակի ամենակարևոր նշանը, որից մենք պետք է հետևություն անենք, դատավճիռն է: Եթե դատավճիռը մեղադրական է, հիմնականում քննությունը պատշաճ որակ է ունեցել, եթե դատավճիռն արդարացնող է, մենք պետք է վերադառնանք և հասկանանք՝ այդ դեպքում ինչու ենք մարդկանց այսքան տարի տարել-բերել դատարաններով, և պետք է քննության որակին անդրադառնալ: Ինչքան էլ և որքան էլ հակակոռուպցիոն քաղաքականությունը և հանցավորության դեմ պայքարի քաղաքականությունը մեզ համար լինի սկզբունքային և հանրության ակնկալիքները լինեն մեծ՝ մենք չենք կարող մեզ թույլ այդ ճանապարհին որևէ ապօրինություն, մենք չենք կարող թույլ տալ այդ ճանապարհին որևէ ապօրինի միջամտություն և մենք չենք կարող այդ ճանապարհին թույլ տալ, որ որևէ կերպ նսեմացվի օրենքի գերակայությունը: Ընդհակառակը՝ այս ամենն արվում է հենց օրենքի գերակայությունը ՀՀ-ում անսասան դարձնելու համար»,-նշել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում