Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդես է եկել կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով:
Վարչապետը կարևորել է հակակոռուպցիոն քաղաքականությունը և նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին արձանագրված բոլոր հաջողությունները և բոլոր անհաջողությունները շատ ուղիղ կապ ունեն կոռուպցիայի հետ:
«Այն, որ մենք ի հեճուկս բոլոր ցնցումների և հարվածների, օրինակ՝ Հայաստանում կարողացանք, ի վիճակի եղանք մակրոտնտեսական ոչ միայն կայունություն ապահովել, այլև շարունակել տնտեսական զարգացման դինամիկայի մեջ լինել, դա միայն մի բացատրություն ունի: Դա ոլորտում հակակոռուպցիոն որոշումների արդյունավետ իրականացումն է: Մենք տնտեսության մեջ մենաշնորհները վերացրեցինք, այն որ մենք հարկային արտոնությունների դեմ մաքսիմալ անկեղծ պայքարում ենք: Ես չեմ կարող ասել, որ դա վերացվել է, որովհետև մենք տեսանք, որ հիմա էլ հարկերից խուսափելու նոր և տեխնոլոգիական այնպիսի ձևեր են ի հայտ գալիս և մշակվում, որոնք մեր խնդիրները բարդացնում են: Բայց ես կրկին ուզում եմ ասել՝ նույն տնտեսական կայունությունը, որն առանցքային գործոն է, որովհետև, եթե տնտեսական կայունություն չլինի, հարկային բյուջետային եկամուտների կայունություն չլինի, մենք ընդհանրապես ոչ մի բան չենք կարող անել: Եվ ես ուզում եմ՝ մենք սա գնահատենք և արձանագրենք: Ինչո՞ւ է այդպես՝ տնտեսության ոլորտում հավասար դաշտ և հնարավորություններ ստեղծելու արդյունքում, որը հակակոռուպցիոն մեր առաջին քայլերի հետ է կապվում և որոնց համար քաղաքական կամքը բավարար էր, բայց կան հարցեր, որոնց դեպքում միայն քաղաքական կամքը բավարար չէ, պետք է լինեն գործուն մեխանիզմներ: Եվ նաև մեր բոլոր պրոբլեմներն ու անհաջողությունները, որոնք մենք ունեցել ենք բոլոր ոլորտներում: Երբ ուզում ես հասկանալ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս, դարձյալ գալիս են այն եզրակացության, որ կոռուպցիան այստեղ ունի առնվազն շատ վճռորոշ նշանակություն: Չեմ կարող ասել, որ դա միայն կոռուպցիայի հետևանք է, բայց կոռուպցիան այդտեղ ունի շատ էական դերակատարում: Եվ նաև այդ է պատճառը, որ մենք այսօր հետևողականորեն շարունակում ենք հակակոռուպցիոն քաղաքականությունը»,-նշել է վարչապետ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում