Երևանի 85 մանկապարտեզում երկարօրյա ծառայություն իրականացնող խմբերը համալրելու հնարավորություն կա

1 Min Read

Մեզ համար առաջնահերթ է, որ ծնողները հնարավորություն ունենան երեխային երկարօրյա թողնել մանկապարտեզում:

Այս մասին գործակարգավորական նիստի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ պետք է այնպես անել, որպեսզի մեկ տարի հետո գրեթե բոլոր մանկապարտեզներում նման  հնարավորություններ ստեղծվեն։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը քաղաքապետին զեկուցել է, որ Երևանի 85 մանկապարտեզներում գործում են երկարօրյա խմբեր. դա գործող մանկապարտեզների շուրջ 60 տոկոսն է: Երկարօրյա խմբերը համալրելու անհրաժեշտություն կա:

Մանկապարտեզ է հաճախում 26 500 երեխա, որոնցից երկարօրյա է մնում 1 000-ը։

«Երևանի ենթակայության 85 մանկապարտեզներում գործում են երկարօրյա խմբեր։ Ընդհանուր առմամբ հաճախում է շուրջ 1000 երեխա։ Խմբերի միջին խտությունը 12 է։ Ուստի մեր մանկապարտեզների սաների ծնողներին ուզում են տեղեկացնել, որ կարող են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ծանոթանալ, թե որ մանկապարտեզներում են գործում երկարօրյա խմբերը։ Գրեթե բոլորում համալրելու հնարավորություն կա։ Մյուս պարտեզներում, որտեղ չեն գործում, դիմումների առկայության պարագայում յուրաքանչյուր ամիս այն վերսկսելու կամ սկսելու հնարավորություն ունենք»,– այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

Կիսվեք այս հոդվածով