«Արցախցիներին աշխատանքով ապահովելու հարցում պետությունը մասնավորի հետ, ինչպես հարկն է, չի համագործակցում». Գագիկ Մակարյան

3 Min Read

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հայաստանյան աշխատաշուկայում տեղավորվելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ուղղորդում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որոնք թվով 49-ն են Հայաստանի ողջ տարածքում։

Այս մասին Banksnews.am-ին տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը։

«Իրականացվում է կարիքների գնահատում, քաղաքացին ներկայացնում է իր աշխատանքային հետաքրքրությունները, և մեր սոցաշխատողների կողմից իրականացվում է եղած թափուր հաստիքների ներկայացում մեր հայրենակցին, և եթե հետաքրքրություններն ու թափուր աշխատատեղերը համընկնում են, ՄՍԾ-ի կողմից ուղղորդում ենք դեպի տվյալ աշխատատեղ»,-ասաց մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հայաստանյան աշխատաշուկայում տեղավորելու հետ կապված որևէ վիճակագրություն, թվական տվյալ դեռևս չկա։

Ինչ վերաբերում է զբաղվածության աջակցության ծրագրերին, նախարարությունից հայտնեցին, որ առաջիկայում այս մասով կլինեն նորություններ։

Banksnews.am-ի հետ զրույցում Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանն էլ տեսակետ հայտնեց, որ պետությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին հայաստանյան աշխատաշուկայում տեղավորելու հարցում աշխատում է միայնակ, և, ինչպես հարկն է, մասնավոր սեկտորի հետ չի համագործակցում․

«Այն ծրագրերը, որոնք կառավարությունը փորձում է իրականացնել, օրինակ, Սոցապնախարարության միջոցով, կարող են բավարար չլինել։ Կարևոր է, որ պետությունը մասնավոր սեկտորին որոշակի արտոնություններ տա, օրինակ՝ հարկային դաշտում։ Բիզնեսն էլ իր հնարավորություններն այդ դեպքում կուղղորդի նոր աշխատատեղերի ստեղծմանն ու աշխատանքային նրբությունների ուսուցմանը։ Պետությունը պետք է մասնավորի բեռը թեթևացնի, ձեռք մեկնի, որպեսզի վերջինս էլ նոր բեռ վերցնի իր վրա։ Բայց պետական մարմինների կողմից այդ առումով համագործակցություն համարյա չկա: Տարօրինակ է, որ պետության կողմից երկխոսություն չկա»։

Նրա խոսքով՝ պետական կառույցներից հենց թեկուզ իրենց միությանը չեն դիմել, չեն հետաքրքրվել, օրինակ, թափուր հաստիքների մասին, չեն հարցրել՝ աջակցության կարիք ունեն, թե ոչ։ Գագիկ Մակարյանը նկատեց՝ տեղահանված արցախցիներից 30 հազարը երեխաներ են, 20 հազարը՝ թոշակառուներ, փաստացի, շուրջ 50 հազարն է աշխատունակ տարիքում։

«Գուցե եթե հաշմանդամություն ունեցող անձանց, կամ պարզապես աշխատել չցանկացողներին էլ հանենք, շուրջ 35 հազար աշխատատեղի մասին է խոսքը։ Դա մեծ թիվ չէ։ Ընդ որում, աշխատաշուկայում կան հազարավոր վականսիաներ, որոնք պետք է հարմարեցվեն Լեռնային Ղարաբաղից եկած մեր հայրենակիցներին։ Ըստ երևույթին, նրանք պետք է անցնեն մասնագիտական վերապրոֆիլացում, կամ պետք է մասնագիտական նոր հմտություններ ձեռք բերեն։ Որովհետև նրանց մեծ մասը կա՛մ գյուղատնտեսությամբ, կամ առևտրով է զբաղվել, գյուղերում է ապրել, և նրանց համար ավելի դժվար կլինի։ Համենայն դեպս, այդ հմտություններով էլ կարելի է ինտեգրել աշխատաշուկային»։

Ինտեգրման երկրորդ մեխանիզմն, ըստ տնտեսագետի, այն է, որ որոշ պետական մարմիններ կամ մասնավոր կազմակերպություններ պատրաստ են աշխատանքի լրացուցիչ տեղեր ստեղծել արցախցիներին օգնելու համար․

«Հնարավոր է՝ իրենց այդքան աշխատատեղ պետք չէ, բայց ստեղծեն նորերը՝զուտ արցախցիներին օգնելու նպատակով։ Գուցե այդ թիվը փոքր լինի, կազմի ընդամենը 1000 տեղ, բայց դա էլ արժեք ունի»,-եզրափակեց Գագիկ Մակարյանը։

 

Անժելա Պողոսյան

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով