Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրելու նպատակով:
Ամսական 40 000 դրամ կտրամադրվի ժամանակավոր կացարանում բնակվելու համար, ևս 10 000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար: Որոշման շրջանակում սոցիալական աջակցություն տրամադրելու համար առկա է ֆինանսական միջոցների (30 մլրդ դրամ) հատկացման անհրաժեշտություն, որի մի մասը անհրաժեշտ է հատկացնել 2023-ի ՀՀ պետբյուջեից: Սոցիալական աջակցության տրամադրումը նախատեսված է իրականացնել 6 ամիս ժամկետով:
Որոշման նախագիծը Կառավարության՝ հոկտեմբերի 19-ի նիստին ներկայանցնելիս ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ սույն նախագծով հատկացվում է անհրաժեշտ բյուջեն հոկտեմբերի վճարումները սկսելու համար: Նախարարը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի համար նոր դիմումներ գրելու անհրաժեշտություն չի լինի, վճարումների համար հիմք կլինի 100 հազար դրամ սոցիալական աջակցության շահառուների ցուցակը:
Աջակցությունից չեն օգտվի ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, որոնք ՀՀ-ից բացակա են, սեփականության իրավունքով կունենան անշարժ գույք կամ եթե գրանցված կլինեն բնակչության պետռեգիստրում:
«Նոյեմբերից արդեն մենք կգործարկենք էլեկտրոնային հարթակ, որտեղ մեկանգամյա դիմումի հիման վրա կմշակվեն տվյալները, և կտրամադրվի համապատասխան աջակցությունը: Աջակցություն չի տրամադրվի միայն նրանց, ովքեր ունեն սեփականություն, ապրում են պետության հոգածության ներքո՝ խնամքի հաստատություններում կամ այլ համայնքային ու պետական կացարաններում և հնարավորություն կունենան այդ գումարի շրջանակում գտնելու վարձակալության բնակարաններ և տեղափոխվելու»,- ասել է Մկրտչյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով թեմային, հորդորել է աջակցության գումարներով բնակարաններ վարձել:
«Նրանք, ովքեր հատուկ խնամքի հաստատություններում չեն, նրանց խնդրում ենք, հորդորում ենք, որպեսզի այս գումարի շրջանակներում նրանք բնակարաններ վարձեն, և մեր դիտարկումները ցույց են տալիս, որ իրատեսական է, որ այդ գնով նրանք կարող են բնարական վարձել և իրենց կեցության հարցերը լուծել»,– ասել է նա:
Նարեկ Մկրտչյանը հավելել է, որ այս պահին պետության հոգածության ներքո գտնվելու կարիք ունի ԼՂ-ից բռնի տեղահանված 220 միայնակ տարեց:
Վարչապետը նաև հորդորել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին բանկային քարտով աջակցության գումարները տրամադրել:
«Այս պահի դրությամբ մեր հատկացումներն ավելին են, քան 100 միլիոն դոլարը»,- ասել է Փաշինյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում