Հոկտեմբերի 17-ին Իմփաքթ Հաբ Երևանում տեղի ունեցավ «Social Impact Award Armenia»-ի այս տարվա մասնակիցների բիզնես գաղափարների ներկայացման և մրցանակաբաշխության միջոցառումը:
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ և իրականացվում Եվրոպական վենչուրային մարդասիրական ասոցիացիայի (EVPA) կողմից՝ Իմփաքթ Հաբ Երևանի հետ համատեղ։
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում ԱրարատԲանկը միացել է «SIA մրցանակաբաշխությանը»՝ տրամադրել 6000 եվրո։ Գումարը բաշխվել է չորս թիմի միջև՝ յուրաքանչյուրին 1500 եվրո։
Ինկուբացիոն փուլ անցած 10 լավագույն սթարթափ թիմերը ներկայացրեցին սոցիալական բաղադրիչ պարունակող իրենց բիզնես գաղափարները՝ պլաստիկի վերամշակումից մինչև ելակի արտադրություն, ճամփորդական հավելվածներից մինչև հաշմանդամություն ունեցող անձանց համար հագուստի արտադրություն։
Հաղթող չորս թիմերից երեքին ընտրել է ժյուրին, չորրորդը՝ Refill-ը ընտրվել է համայնքային քվեարկությամբ՝
1. Adapteon՝ նախաձեռնության նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց համար արտադրել հարմարավետ և միաժամանակ ոճային հագուստ։
2. Contests Lab՝ նախաձեռնության նպատակն է ստեղծել կրթական զվարճալի խաղեր և բովանդակություն՝ նախատեսված երեխաների և երիտասարդների, ինչպես նաև նրանց ծնողների և մանկավարժների համար:
3. Gyugh.org՝ նախաձեռնության նպատակն է ստեղծել գյուղատնտեսական տեղեկատվական և կրթական հարթակ ՓՄՁ-ների համար։
4. Refill՝ նախաձեռնության նպատակն է ստեղծել հավելված, որը կօգնի օգտատերերին գտնել իրենց ջրի շշերը անվճար լիցքավորելու ամենամոտ վայրը՝ օգտատերերին մատուցելով արժեքավոր ծառայություն՝ միաժամանակ խթանելով կայունությունը և նվազեցնելով պլաստիկ թափոնները:
Հաղթող ճանաչված թիմերը ստացել են բացառիկ հրավեր՝ մասնակցելու նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Սերբիայում անցկացվող «Social Impact Award»-ի ամենամյա միջազգային գագաթնաժողովին: