ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտները շարունակում են համալրել ՀՀ կրթական հաստատությունները: Նրանցից 14 848 աշակերտ արդեն իսկ հաճախում է հայաստանյան կրթական հաստատություններ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ըստ այդմ՝ Երևանի կրթական հաստատություններ է հաճախում 4 675 աշակերտ, Արագածոտնում՝ 707, Արարատում՝ 2 068, Արմավիրում՝ 1 290, Գեղարքունիքում՝ 712, Լոռիում՝ 883, Կոտայքում՝ 2 514, Շիրակում՝ 631, Սյունիքում՝ 581, Վայոց ձորում՝ 322, Տավուշում՝ 465:
«Բոլոր հայրենակիցներին պետք է հորդորեմ, որ առաջին իսկ հնարավորության պարագայում դպրոց դիմեն, որովհետև անկախ հետագա տեղաշարժի փոփոխություններից՝ այդ ամեն օրը երեխայի կրթությունից դուրս մնալու օր է, և մենք բոլորս առաջին հերթին պետք է մտածենք նրանց կրթության գործընթացի շարունակականության մասին, որովհետև ամեն բաց թողած օրը հետո լրացնելու կարիք է լինում»,- ասել է նախարարը:
Նա ընդգծել է, որ դպրոցներում գրանցումը մի փոքր դանդաղել է, քանի որ ծնողները միջնաժամկետ կացարանի փնտրտուքի հարցերով են զբաղված, որով էլ պայմանավորում են երեխաների՝ դպրոց գնալը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում