«ՏաԹևեր» ճոպանուղին ներառվել է «World Travel Awards» 2023-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում

2 Min Read

«ՏաԹևեր» ճոպանուղին կրկին առաջադրվել է զբոսաշրջության ոլորտում World Travel Awards 2023 միջազգային հեղինակավոր մրցույթի՝ «2023 թվականի աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում:

Նախագիծն արդեն հաղթել է այս անվանակարգը 2021 թ․-ին։ Այժմ այն մրցում է Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Հարավային Աֆրիկայի ճոպանուղիների հետ:

«ՏաԹևեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին է: Այն գրանցվել Է «Գինեսի» ռեկորդների գրքում ոչ միայն իր երկարության շնորհիվ, որը 5752 մ է, այլև որպես աշխարհում այս մասշտաբի միակ ինժեներական կառույց, որը կառուցվել է ընդամենը 10 ամսվա ընթացքում: Ճոպանուղու ստեղծման նախագիծն իրականացրել է ավստրիա-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը, որը ճոպանուղիների շինարարության ոլորտում առաջատարն է:

2023 թ․-ի հոկտեմբերի 16-ին «ՏաԹևեր» ճոպանուղին նշեց իր գործունեության 13 տարին։ 2010 թ․-ից ի վեր ճոպանուղուց օգտվել է ավելի քան 1,300,000 մարդ: Նրա շնորհիվ Հայաստանում յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկ այցելում է Տաթև։ «ՏաԹևեր» ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում:

Ճոպանուղին շահույթ չհետապնդող նախագիծ է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանն ու համայնքների զարգացմանը: Ճոպանուղին կառավարվում է Impulse Business Management ընկերության կողմից։

«ՏաԹևեր» ճոպանուղու օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է՝

  • Անցնել մրցանակաբաշխության պաշտոնական կայքի հղումով
  • Գրանցվել էլեկտրոնային փոստով
  • Հաստատել ստացված էլ. հաղորդագրությունը
  • Սեղմել Vote Now կոճակը
  • Ընտրել World բաժինը
  • Ընտրել 60-րդ տողը՝ World’s Leading Cable Car Ride 2023
  • Քվեարկել Wings of Tatev, Armenia -ի օգտին։

Քվեարկության վերջնաժամկետը նոյեմբերի 17-ն է:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով