Ու՞ր է «շտապում» ՀՀ պետական պարտքը

2 Min Read

Մինչ հայ հասարակության ուշադրությունը սևեռված է անվտանգության հարցերի վրա, ՀՀ պետական պարտքը շարունակում է իր «վերելքը»։

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ՀՀ պետական պարտքի ծավալները 2023թ-ի օգոստոսի վերջին նախորդ ամսվա համեմատ աճել է շուրջ 35,5 մլն ԱՄՆ դոլարով՝ հաստատվելով 11,4 մլրդ ԱՄՆ դոլար մակարդակին։


Արցախի կառավարությունը պարտք է ՀՀ բանկերին ավելի քան 200 մլրդ դրամ․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Այս ծավալները, եթե համեմատության մեջ դնենք 2022-ի դեկտեմբերի վերջի պետական պարտքի ծավալների հետ, ապա կտեսնենք, որ 2023թ-ի օգոստոսի վերջին պետական պարտքն աճել է 749 մլն ԱՄՆ դոլարով։

Պետական պարտքի այս աճի մեջ հատկապես մեծ է ներքին պարտքը․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ արտաքին պետական պարտքը 2023թ-ի օգոստոսի վերջի դրությամբ հաստատվել է 6,6 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 4,8 մլրդ ԱՄՆ դոլար մակարդակում։

2023թ-ի օգոստոսի վերջին նախորդ ամսվա վերջի համեմատ արտաքին պարտքը նվազել է 32,5 մլն ԱՄՆ դոլարով, իսկ ներքին պարտքն աճել է 67․9 մլն ԱՄՆ դոլարով։

Արտաքին պետական պարտքը բաշխված է կառավարության և ՀՀ ԿԲ պարտքերի միջև։ Նկատենք, որ 2023թ-ի օգոստոսի վերջի դրությամբ կառավարության պարտքը կազմել է 6,1 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ ամսվա համեմատ կրճատվելով 28,1 մլն ԱՄՆ դոլարով։

Ներքին պարտքի բաղադրիչների մասով 2023թ-ի օգոստոսի վերջին հուլիսի վերջի համեմատ ամենամեծ աճը՝ 67 մլն ԱՄՆ դոլար, արձանագրվել է ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի մասով, որի ծավալները կազմել են 4,2 մլրդ ԱՄՆ դոլար։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով