Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում է SIA Award Armenia 2023-ի հաղթողներին

5 Min Read

Հոկտեմբերի 17-ին Իմփաքթ Հաբ Երևանում տեղի ունեցավ Social Impact Award Armenia-ի այս տարվա մասնակիցների բիզնես գաղափարների ներկայացման և մրցանակաբաշխության միջոցառումը: 

Այս տարի ևս իրականացվեց երիտասարդ սոցիալական ձեռներեցներին աջակցող՝ հեղինակավոր Social Impact Award Armenia. հարթակ, որը կյանքի է կոչվել՝ նշելու հրատապ սոցիալական մարտահրավերները հասցեագրող նորարարական բիզնես լուծումների հաջողությոնները։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ և իրականացվում Եվրոպական վենչուրային մարդասիրական ասոցիացիայի (EVPA) կողմից՝ Իմփաքթ Հաբ Երևանի հետ համատեղ։ Այս տարվա մրցանակաբաշխությանը նշանակալի ներդրում է ունեցել ԱրարատԲանկը:

Սոցիալական ազդեցության մրցանակաբաշխության առաքելությունն է ուղղորդել սկսնակ սոցիալական ձեռներեցներին իմաստալից և կայուն փոփոխություն բերելու ճանապարհին։ 2009 թվականից սկսած՝ ծրագիրը ոգեշնչել և աջակցել է երիտասարդ նորարարներին ավելի քան 25 երկրում:

Այս տարի ուշադրության կենտրոնում հայտնվեց Ինկուբացիոն ծրագրի տասը բացառիկ մասնակից, որոնց թվում են Gyugh.org, ContestsLAB, Refill App, reuZe, Science Cube, Adapteon, Young Doctor, Dilijanian Strawberry Greenhouse, Bio Cycle և EcoTught ձեռնարկությունները:

Այսպիսով, երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ից 13:00-ը, խոստումնալից այս ձեռնարկություններն իրենց գաղափարները ներկայացրեցին փորձառու ժյուրիին, որի կազմում էին Գևորգ Պողոսյանը (Իմփաքթ Հաբ Երևան), Արման Խաչատրյանը (Codeex), Դիանա Չոբանյանը (ԷկոՀաբ Հիմնադրամ), Սիլվա Մեսրոպյանը (Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտ), Կորյուն Խաչատուրյանը (Հ. Հովնանյան ընտանիքի Հիմնադրամ), Շուշան Քեշիշյանը (Հաբ Արցախ) և Սուրեն Բաբաջանյանը (ԱրարատԲանկ):

«SIA-ն եզակի ծրագիր է, որը խրախուսում է ստեղծագործ և նորարար երիտասարդներին՝ ստեղծելու բիզնես մոդել այն սոցիալական մարտահրավերների համար, որոնց իրենց կարծիքով՝ բախվում է հասարակությունը։ Ես կարծում եմ, որ սա ճիշտ ուղի է, որով մենք կարող ենք կառուցել ավելի լավ և ավելի բարի աշխարհ», – ասաց Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։

Ժյուրիի կողմից հաղթող ճանաչվեց երեք մասնակից՝ ստանալով 1500 եվրոյին համարժեք ֆինանսավորում և բացառիկ հրավեր՝ այս տարի մասնակցելու Սոցիալական ազդեղության մրցանակաբաշխության ամենամյա գագաթնաժողովին, որը նախատեսված է նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Սերբիայում: Չորրորդ հաղթողն ընտրվել է համացանցում անցկացված Համայնքային քվեարկության արդյունքների հիման վրա:

Այսպիսով, այս տարվա Social Impact Award Armenia-ի հաղթողներն են՝

Ժյուրիի մրցանակի հաղթող- Adapteon

Ժյուրիի մրցանակի հաղթող- Contests Lab

Ժյուրիի մրցանակի հաղթող- Gyugh.org

Համայնքային քվեարկության մրցանակի հաղթող- Refill

Social Impact Award 2023-ի յուրաքանչյուր հաղթողին շնորհված 1500 եվրոյին համարժեք դրամական մրցանակը՝  ընդհանուր առմամբ 6000 եվրո, ֆինանսավորվել է ԱրարատԲանկի կողմից:

«Social Impact Award-ը հիշեցնում է մեզ հավաքական բարեկեցության կարևորության մասին, իսկ մենք միայն ուրախ ենք, որ այս ինքնատիպ նախաձեռնության մաս ենք  կազմում։ Միասնական ջանքերով մենք կարող ենք ստեղծել մի միջավայր, որտեղ սոցիալական ձեռներեցությունը կզարգանա, որտեղ ավելի մեծ աջակցություն կստանան սոցիալական խնդիրներ հասցեագրող նորարարական լուծումները, և որտեղ բիզնեսի ուժը կաշխատի հանուն հասարակության բարօրության», – նշեց ԱրարատԲանկի հասարակայնության հետ կապերի գծով գործադիր տնօրենի խորհրդական Աննա Ալլահվերդյանը:

Մրցանակաբաշխությանը մասնակցում էին ԱրարատԲանկի գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը, ԱրարատԲանի Վաճառքի և բիզնեսի զարգացման վարչության ղեկավար Սուրեն Բաբաջանյանը, Հայաստանում EVPA ներկայացուցիչ Նազարեթ Սեֆերյանը, Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը, պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներ։

«SIA-ի նման նախաձեռնությունները շատ կարևոր են, քանի որ դրանք խրախուսում են նորարարությունը և օգնում են կառուցել կայուն հիմքեր Հայաստանում նոր սոցիալական ձեռնարկությունների համար: SIA-ի մի շարք մասնակիցներ վերածվել են իրական դրական ազդեցություն բերող բիզնեսների: Այսպիսով, SIA-ն միայն մրցանակ ստանալու մասին չէ»,- ասաց EVPA-ի հայաստանյան ներկայացուցիչ Նազարեթ Սեֆերյանը:


* Իմփաքթ Հաբ Երևանը աշխարհում գործող 110+ Իմփաքթ Հաբերի ցանցի ներկայացուցիչ է, որը հիմնադրվել է 2016 թ.-ին: Այն իր անդամ ձեռներեցներին և նորարարներին տրամադրում է համայնքի լայն հնարավորություններ՝ ռեսուրսներ, կրթական ծրագրեր և միջոցառումներ, և այս ամենը շատ ոգևորիչ և տրամադրող աշխատանքային տարածքում: Իմփաքթ Հաբը նաև սոցիալական ինովացիոն ինկուբատոր է, և ունի բազմամյա փորձ ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերի նախագծման և իրականացման ոլորտում։ Հիմնադրման օրվանից ի վեր Իմփաքթ Հաբ Երևանը նախագծել և իրականացրել է 20+ ծրագիր, ավելի քան 500 կրթական դասընթաց և միջոցառում, իսկ այժմ ունի ավելի քան 350 անդամ՝ 100-ից ավելի նախագծերով, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող գրեթե բոլոր ոլորտները:

** «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության․ սոցիալական ձեռներեցություն և սոցիալական ներդրումների զարգացում Արևելյան գործընկերության երկրների միջև տնտեսական և սոցիալական համագործակցության նպատակով» նախագիծն իրականացվում է Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի (EVPA) կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի հայաստանյան բաղադրիչը մշակվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ և իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից։

*** Social Impact Award-ն աջակցում է երիտասարդ, վաղ փուլի սոցիալական ձեռներեցներին սոցիալական մարտահրավերները հասցեագրող նորարարական բիզնես լուծումների մշակման և իրականացման գործում:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով