Առանց շահագործման թույլտվության շենք-շինություն շահագործողն այսուհետ կտուգանվի

1 Min Read

Հոկտեմբերի 13-ից ուժի մեջ է մտել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան փոփոխությունը, ինչը թույլ է տալիս տուգանել այն կառուցապատողներին, որոնք, առանց շահագործման թույլտվության, փաստացի շահագործում են իրենց շենք-շինությունները:

Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին:

Սահմանվել է տուգանքի չափեր. առաջին տուգանքը 500-700 հազար դրամ է, իսկ առաջին տուգանքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակելու դեպքում՝ 1-1.5 միլիոն դրամ:

Այսինքն՝ նախկին օրենսգրքի համաձայն՝ արգելվում էր շենք-շինության շահագործումն՝ առանց շահագործման թույլտվության, բայց տուգանք սահմանված չէր, այժմ շահագործման դեպքում շահագործողը նաև կտուգանվի:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով վարչական իրավախախտման համապատասխան փոփոխությանը, մանրամասնել է, որ նոր շրջափուլ են մտնում, և որ բոլորը պետք է հանեն իրենց ավարտական ակտերը:

«Սա ևս մեկ անգամ նշանակում է, որ նախագծային շեղումներով շինարարությունը մեծ խնդիրներ է առաջացնելու կառուցապատողների համար: Հետևապես խնդրում ենք, հորդորում ենք՝ մնալ ձեր նախագծային փաստաթղթերի շրջանակներում և իրականացնել այն նախագծերը, որոնք դուք պարտավորվել եք այն փաստաթղթերով, որոնք ներկայացրել եք քաղաքապետարան»,– ասել է նա:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով