Հոկտեմբերի 6-ից 12-ը Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 563 407 ուղևոր, գիծ է դուրս բերվել 2758 գնացք, կատարողականը` 118 տոկոս:
Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս տվյալները քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացրել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:
Մետրոյի 4 կիլոմետր ռելսերը ճանապարհին են. մեկ ամսից տեղ կհասնեն
Ավինյանը հետաքրքրվել է, թե տեխնիկապես ինչ վիճակում է մետրոպոլիտենը:
«Այնքան էլ լավ չի, սպասում ենք` պահեստամասեր ստանանք, որոշ վագոններ կան, որ պետք է վերանորոգենք, սպասում ենք` կառավարության կողմից ֆինանսավորում լինի` անվազույգերի և այլ մասերի»,– ասել է Սեդրակյանը:
Նա տեղեկացրել է նաև, որ մեկ անգամ արդեն ֆինանսների նախարարությունից մերժել են իրենց` այն հիմնավորմամբ, որ ֆինանսական այդ հատկացումը հաջորդ տարվա բյուջեում են նախատեսում: Սեդրակյանը տեղեկացրեց, որ ուրբաթ օրը դիմել են ՏԿԵՆ` հայտնելով, որ դա հրատապ է, չունեն անվազույգեր:
Ավինյանը խոստացել է զբաղվել այս հարցով, նաև հետաքրքրվել է, թե ինչ գնումների կարիք կա:
«32 անվազույգեր, մոտ 200 մլն դրամի պահեստամասեր, իսկ 4 կմ ռելսը ճանապարհին է, գալիս է, ասացին` մեկ ամսվա մեջ կհասնի»,– հայտնել է Սեդրակյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում