Աշխարհում տեղի ունեցող զարգացումները տանում են մարդկությանը բավականին վտանգավոր ճանապարհով։ Այս ամենի պատճառն ազգերի ինքնորոշման իրավունքի և պետությունների տարածքային ամբողջականության վերաբերյալ պատկերացումներում առկա տարբերություններն են։
Երբեք որևէ երկիր իր ենթակայության տակ գտնվող համապատասխան միավորին ինքնակամ անկախություն չի շնորհի. պայքարում են յուրաքանչյուր միլիմետր տարածքի համար: Տարածքային կորուստներն ընկալելի և ընդունելի են թեևս միայն մեր տարածաշրջանում խաղաղություն քարոզողներին, ովքեր ի զորու չեն արժևորել հայրենիքը՝ պատմական տարածքները, որտեղ դարեր ի վեր հաստատվել ու ապրել ու արարել են հայերը:
Այդուհանդերձ, հարցի մյուս կողմում են ժողովուրդները, որոնք չեն ցանկանում ապրել մեկ այլ պետության ենթակայության տակ և ցանկանում են ստեղծել ու ունենալ անկախ պետություն ու պետականություն: Նման մի պետություն էր Արցախը, որի ժողովրդին ամիսներ շարունակ ենթարկեցին սովի, զրկեցին կենսական ռեսուրսներից, ապա ենթարկեցին էթնիկ զտման։
Այսպիսի խնդիրներ կան աշխարհի բազմաթիվ անկյուններում, սակայն երկակի չափանիշները թույլ չեն տալիս կանխել դրանք կամ գտնել քաղաքակիրթ լուծում: Արդյունքում սկիզբ են առնում այրունալի և վտանգավոր հակամարտություններ, ինչպիսին այսօր Իսրայել-Պաղեստին բախումն է հատկապե Գազայի հատվածում: Անկախանալու ուղին հաճախ արյունալի է, բայց այն դաժանությունը, որը ցուցաբերում են ՀԱՄԱՍ-ի գրոհայինները, բացարձակ ընդունելի չէ և միանշանակորեն դատապարտելի է։
Իսրայելն ԱՄՆ-ից 10 մլրդ դոլարի ռազմական օգնություն է խնդրել
Մեր ընթերցողին առավել մատչելի կերպով բացատրելու համար սպասվող աղետի մասշտաբները ուսումնասիրենք Գազայի հատվածը տարբեր կողմերից․
Գազայի հատվածը սահմանափակված է 365 քառ․ կմ տարածքով։ Համեմատության համար նկատենք, որ Գազայի տարածքն ունի սահմաններ Եգիպտոսի և Իսրայելի հետ։ Առկա է ծովի հնարավորություն։ Սակայն իսրայելական շարունակական շրջափակումը թույլ չի տալիս օգտվել տարածքի բոլոր առավելություններից։
Ներկայումս Գազայի տարածքն ամբողջությամբ փակ է։ Չեն գործում նախկին անցակետերը, նավահանգիստները։ Այս հատվածում բնակվում է 2,2 մլն մարդ։ Ամենամեծ քաղաքը Գազան է, որն ունի 677 հզր բնակիչ։ Ամենացավալին այն է, որ Գազայի հատվածում բնակչությունը համարվում է երիտասարդ։ Այսինքն, այնտեղ բնակվողների մոտ կեսը անչափահասներ են։
Գազայի բնակչության 80%-ից ավելին ապրում է օտարերկրյա օգնություններով։ Գազայի հատվածում գործազրկության մակարդակը կազմում է 46%, իսկ աղքատության մակարդակը՝ 60%։ Չնայած նրան, որ Գազայի հատվածն ունի իր էլեկտրակայանը, սակայն վերջինս ապահովում է էլեկտրաէներգիայի նկատմամբ պահանջարկի միայն 16%։
ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, Իսրայելը դադարեցրել է Գազայի էլեկտրականության մատակարարումը։ Իսրայելն ապահովում էր Գազայի էներգետիկ պահանջների միայն 29%-ը։ Փաստորեն, Գազան ապրել է էլեկտրաէներգիայի նկատմամբ 57% պակասուրդի պայմաններում։ Ներկայումս էլեկտրականություն ընդհանրապես չկա։
Փաստացի ստացվում է, որ ամբողջովին շրջափակված Գազայի հատվածին սպասում են ծանր օրեր։ Արդեն իսկ մաքուր ջրի խիստ սահմանափակ հասանելիության պատճառովց, նրանք ստիպված ջուր են խմում ջրհորներից, ինչը չափազանց վտանգավոր է վարակիչ հիվանդությունների տարածման առումով: Գազայում պարենի և դեղորայքի պաշարները գրեթե սպառվում են:
Չընդհատվող օդային հարվածների և ցամաքային ներխուժման հետևանքով երկու կողմերում էլ բազմաթիվ վիրավորներից զատ կան հազարների հասնող զոհեր ու անհետ կորածներ, այդ թվում և երեխաներ: Իսրայելը պահանջում է պաղեստինցիներից հեռանալ Գազայից՝ հայտնելով, թե պետք է ոչնչացնի բնակելի տարածքների տակ փորված թունելներում և քաղաքացիական նշանակության կառույցներում թաքնված ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում