ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք մտավախություն չունեն, որ կարող են կորցնել ռուսական շուկան, հատկապես, որ Հայաստանից արտահանվող ապրանքների 80 տոկոսը հենց ՌԴ-ին է բաժին հասնում։
«Նախ շատ սխալ թվեր եք ասում։ Մեր արտահանման ընդամենը 40 տոկոսն է ՌԴ գնում։ Տնտեսվարողները աշխատում են, ամեն ինչ նորմալ է։ Որևէ խնդիր չկա։ Լարսի անցակետում հերթ չկա։ Հիշեցնեմ, որ անցած տարվա հունիսից հետո, իմ ու ՌԴ էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարարի հետ պայմանավորվածություններից հետո Լարսի անցակետում բազմաթիվ նոր ուղիներ են բացվել, պրոցեսները հեշտացվել են։ Խնդիրը միայն 2 օր է եղել»,– ասել է նա։
Էկոնոմիկայի նախարարը նաև նշել է, որ հայկական շուկայում վառելիքի հետ կապված խնդիրներ չկան։ Նա հիշեցրել է, որ հայկական կողմը դիմել է բենզինի և դիզելային վառելիքի քվոտաների ավելացման խնդրանքով, ինչը մասամբ բավարարվել է: